iPhone-ի արտադրողը շուկայական կապիտալիզացիայով կրկին գերազանցել է չիպերի արտադրողին։ Բորսայում Apple-ի բաժնետոմսերը փոքր-ինչ աճել են, և ընկերության բորսայական արժեքը կազմել է շուրջ 4,9 տրիլիոն դոլար, մինչդեռ Nvidia-ինը՝ մոտ 4,8 տրիլիոն դոլար, հայտնում է Bild-ը։

Այդուհանդերձ, Apple-ն աշխարհի ամենաթանկարժեք ընկերության կարգավիճակում մնացել է մեկ օրից էլ պակաս ժամանակով, Nvidia-ն կրկին շրջանցել է նրան։

Ներկայում տեխնոլոգիական ոլորտի ներդրողները վերաբաշխում են իրենց կապիտալը։ Վերջին ամիսների ռեկորդային աճից հետո շատերը վաճառում են արհեստական բանականության (ԱԲ) ու կիսահաղորդիչների ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը և փոխարենը կրկին նախապատվությունը տալիս են Apple-ին։

Apple-ը լրացուցիչ թափ է ստացել խոշորագույն HSBC բանկից, որի վերլուծաբանները կարծում են, որ կոնցեռնի բաժնետոմսերը կաճեն, և իրենց հաճախորդներին խորհուրդ են տվել գնել դրանք։ Որպես աճի գործոններ նրանք դիտարկում են ԱԲ նոր գործառույթները, թարմացված Siri-ն, այլ շուկաներում «Apple Intelligence»-ի գործարկումը, ինչպես նաև սպասվող ապրանքների հզոր շարքը, ներառյալ՝ հնարավոր ծալովի iPhone-ը։

Բաժնետոմսերի հետագա աճը մեծապես կախված է ընկերությունների եռամսյակային հաշվետվությունների հրապարակումից։ Apple-ն իր ցուցանիշները կներկայացնի արդեն հուլիսի 30-ին, իսկ Nvidia-ն՝ միայն օգոստոսի 26-ին։ Ընդ որում, ներդրողներն առաջին հերթին հետևում են ծառայությունների բիզնեսին, չինական շուկայում տիրող իրավիճակին և iPhone 18-ի մասին հնարավոր նորություններին։ Այս հաշվետվությունները կարող են վճռորոշ լինել այն հարցում, թե որ ընկերությանը կհաջողվի առաջիկա շաբաթներին պահպանել աշխարհի ամենաթանկ ընկերության դիրքը։

Source: https://news.am/hy/news/1050490