ԱՄՆ Իլինոյս նահանգի դատարանում հրապարակվել են 15-ամյա մի դպրոցական աղջկա նամակագրության պատառիկներ. վերջինս մեղադրվում է 16-ամյա ընկերոջ հետ սեփական ընտանիքի անդամների վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Դեռահասներին ձերբակալել են հուլիսի 12-ին։ Ըստ քննության վարկածի՝ նրանք մեկ շաբաթ շարունակ հարձակումներ են գործել աղջկա հարազատների վրա։ Դրանից առաջ դպրոցականը վիճել էր ծնողների հետ, քանի որ դպրոցում ունեցած խնդիրների պատճառով նրան տեղափոխել էին տնային ուսուցման։ Ավելի ուշ աղջիկը մի քանի անգամ փախել էր տնից, իսկ հետո, ըստ մեղադրանքի, հափշտակել էր հորաքրոջ զենքը։

Հուլիսի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ ներկայացվել են հաղորդագրություններ, որոնցում դեռահասները քննարկել են ընտանիքի անդամների վրա հարձակվելու իրենց ծրագրերը։

Նամակագրություններից մեկում Ջեյմիր Դևիսը գրել է. «Դե, հորաքրոջդ հարցերը հեշտ կլինի լուծել: Կարող ենք ատրճանակը պահել վրան, հետո մորթել»: Աղջիկը, ըստ մեղադրանքի, պատասխանել է. «Ես կարող եմ դա անել: Ես արյուն սիրում եմ»: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է «կորցնել ամբողջ ընտանիքը»՝ հանուն երիտասարդի հետ իր հարաբերությունների։

Քննության տվյալներով՝ սպանվածների թվում են դպրոցականի տատիկը, հորաքույրը, զարմիկը, ինչպես նաև այլ հեռավոր բարեկամներ և բարեկամուհիներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աղջիկը մինչև դեպքը հարազատների վրա հարձակվելու մտադրություններ էր հայտնել, սակայն շրջապատողները նրա խոսքերը լուրջ չէին ընդունել։

Մեղադրյալ անչափահասի անունը և գործի այլ մանրամասներ պաշտոնապես չեն հրապարակվում։

Source: https://news.am/hy/news/1050447