Ուկրաինայի զինված ուժերը կարող են արդեն այս աշնանը սկսել ուկրաինական բալետային հրթիռներով առաջին հարվածները հասցնել Մոսկվային, հայտարարել է Fire Point ընկերության սեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը։ Լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում նա նշել է, որ ներկայում ընթանում է նոր հրթիռի փորձարկումների վերջին փուլը։ Թեստային թռիչքներից հետո «արդեն կսկսվեն դեպի Ռուսաստանի տարածք թռիչքները»։ «Զինվորականները կորոշեն, թե ուր, բայց կարծում եմ՝ դրանք միանգամայն կարևոր թիրախներ կլինեն», — ասել է Շտիլերմանը։
Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական բանակի սպառազինությունում բալետային հրթիռների հայտնվելու հստակ ժամկետները կախված կլինեն շարժիչի փորձարկումների արդյունքներից։ «Մենք կլցնենք շարժիչը, կդնենք հենարանի վրա, կանցկացնենք փորձնական գործարկում և կտեսնենք, թե ինչպես այն կաշխատի։ Եթե ինչ-որ անճշտություններ լինեն, ամեն ինչ կշտկենք։ Բայց մենք ամեն ինչ շատ արագ ենք անում», — հավելել է Շտիլերմանը։ Fire Point ընկերությունը ուկրաինական բանակի խոշորագույն կապալառուներից է։ Մասնավորապես, այն արտադրում է FP-1 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր և FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ։ FP-7 և FP-9 բալետային հրթիռների մշակման մասին ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին։ Փետրվարին այն ցուցադրել էր FP-7-ի առաջին փորձնական արձակումը։ Հաղորդվել էր, որ FP-7 հրթիռները նախատեսված են մինչև 250–300 կմ, իսկ FP-9-ը՝ մինչև 850 կմ հեռավորության վրա հարվածներ հասցնելու համար։
Հունիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը մոտեցել է սեփական բալետային հրթիռի ստեղծմանը, որը կարող է կիրառվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Նա նշել է, որ նախկինում մշակված ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով ռուսական ռազմական օբյեկտների ուղղությամբ ուկրաինական հարձակումները, ապացույցն են այն բանի, որ ուկրաինցիները «պարզապես լուռ չեն մահանալու», այլ պատասխանելու են և ուժեղանալու։
2024 թվականին ուկրաինական իշխանությունները հայտնել էին նոր սերնդի առաջին բալետային հրթիռի հաջող փորձարկման մասին, սակայն դրա բնութագրերը չէին բացահայտել։ Հայտնի է նաև ուկրաինական «Սապսան» («Գրոմ-2») բալետային հրթիռի նախագիծը, որի հայտարարված հեռահարությունը կազմում է 500 կմ։ Հրթիռների սերիական արտադրության մեկնարկի մասին հայտարարել են 2025 թվականի հունիսին։ Նույն տարվա դեկտեմբերին Զելենսկին խոսել էր «Սապսանի» առաջին մարտական կիրառման մասին։
Source: https://news.am/hy/news/1052062