Հուլիսի 27-ի գիշերը Դոնի Ռոստովը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ ավերածություններ են գրանցվել քաղաքի երեք շրջաններում՝ Ժելեզնոդորոժնիում, Պրոլետարսկում և Լենինսկիում։ Հրդեհներ են բռնկվել «մասնավոր ձեռնարկության, պահեստային տարածքների և մի քանի առանձնատների» տարածքում։ Նաև այրվել են մի քանի ավտոմեքենաներ, ջարդվել են բազմաբնակարան շենքի և սոցիալական հաստատության պատուհանները, նշել է Սլյուսարը։
Astra-ի իրականացրած տեղի բնակիչների տեսանյութերի վերլուծության համաձայն՝ գիշերային հարձակման թիրախը եղել է Ռոստովի ծովային առևտրային նավահանգիստը։ Առավոտյան ծուխ է բարձրացել նրա չորրորդ բեռնափոխադրման շրջանի վրա։ Հարձակման ընթացքում ԱԹՍ-ներից մեկը վնասել է Բերեգովայա փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքը։ Թեև Ռոստովի նավահանգիստը տեղակայված է Դոն գետի վրա, այն ունի ծովայինի կարգավիճակ և ընդգրկված է Ազով-Սևծովյան ավազանի համակարգում։ Այն սպասարկում է միջազգային նավագնացությունը, այդ թվում՝ օտարերկրյա դրոշի ներքո գտնվող նավերի համար պետական սահմանի բացումն ու փակումը։ Նավահանգստից չվերթեր են իրականացվում դեպի Սևծովյան և Միջերկրածովյան ավազանների երկրներ։
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Բելգորոդի վրա։ Հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ, որոնց թվում կա երկու երեխա, հայտնել են Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբից։ Վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր և ավելի քան 15 ավտոմեքենա։ Բացի այդ, մասնակիորեն ավերվել է առանձնատուն։ «Պեպել» տեղական պարբերականի տվյալներով՝ հարձակման ֆոնին Բելգորոդի կենտրոնում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում, մարել է փողոցային լուսավորությունը, իսկ տներում կտրվել է ջուրը։
«Արդեն երկրորդ շաբաթն է՝ մեր քաղաքը պարզապես քանդում են, ու ոչ մի տեղ այս մասին չի խոսվում։ Հիմա գիշերվա 1:20-ն է, շուրջբոլորը տներ ու մեքենաներ են այրվում, մարդիկ լուսամուտներով են դուրս թռչում բնակարաններից։ Սա քաղաքի կենտրոնն է։ Երեխաների համար սարսափելի է, էլ համբերություն չմնաց»,- «Осторожно, новости»-ին պատմել է տեղաբնակներից մեկը։ Զուգահեռաբար, օպերատիվ շտաբից տեղեկացրել են, որ ԱԹՍ-ների հարձակման վտանգը դեռևս չի անցել։
Source: https://news.am/hy/news/1051840