Պենտագոնն ընդունում է, որ այս փուլում Իրանին հասցվող ամերիկյան հարվածները հասել են իրենց արդյունավետության սահմանին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը «խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում իրականացվող ռմբակոծությունները, քանի որ դրանք հասել են իրենց արդյունավետության սահմանագծին»։ Ինչպես նշում է պորտալը, Քուփերի և ամերիկյան վարչակազմի մի շարք ներկայացուցիչների խորհուրդը «ազդել է Նախագահ [Դոնալդ] Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները դադարեցնելու որոշման վրա»։ «Սա նախագահի թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական խորհրդականների կողմից այն փաստի ընդունումն էր, որ կան սահմանափակումներ, թե ինչի կարելի է հասնել ռազմական գործողությունների, և հատկապես՝ ավիահարվածների միջոցով», — նշում է պորտալը։
Ինչպես տեղեկացնում է Axios-ը, CENTCOM-ի ղեկավարը «հնարավոր է համարում լայնամասշտաբ ռազմական գործողություններին վերադարձը, ինչը թույլ կտա հարվածել Իրանում ԱՄՆ-ի նախանշած թիրախների մնացած 20%-ին»։ «Նա ընդգծել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը վերսկսելու որոշման բացակայության դեպքում վերջին երկու շաբաթվա ընթացքում ընթացող ռմբակոծությունների շարունակումն իմաստ չունի», — գրում է պորտալը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ եթե Թրամփը չընդունի Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնությունները, որոնց մշակման ուղղությամբ աշխատում են Իրանն ու Օմանը, «պատերազմի էսկալացիան հնարավոր է»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը, CBS News հեռուստաալիքի եթերում պատասխանելով Իրանին հասցվող ամերիկյան հարվածների դադարեցման պատճառների մասին հարցին, ներկայացրել էր դիրքորոշում, ըստ որի՝ Թրամփը համապատասխան որոշումն ընդունել է «դիվանագիտությանը տարածք և որոշակի ժամանակ տրամադրելու համար»։ Axios-ը նախկինում նշել էր, որ ուրբաթ օրը Օմանի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Նրա տվյալներով՝ համաձայնությունները կարող են ձեռք բերվել հանգստյան օրերի ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1051883