«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։
Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության քարոզչությանը եւ աշխատել իշխող ուժի համար՝ խոստանալով, որ ընտրություններից հետո մեծ անակնկալ են ստանալու դրա դիմաց։ Խոսքն ընթացիկ հավելավճարների ու պարգեւավճարների մասին չէ, այլ հենց ընտրությունների համար արված աշխատանքի դիմաց կլորիկ պրեմիայի։ Սակայն ընտրություններից հետո խոստացած անակնկալը «գրել են սառուցին», երբ որոշները հետաքրքրվել են ու պահանջել խոստացված անակնկալը, նրանց ասել են, որ չենք կարող բոլորին տալ՝ աղմուկ կբարձրանա։ Ապա ում պետք է, խրախուսել են, մեծամասնությանն էլ դասական ձեւով «քցել»։
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հայտնի պիլոտային ծրագրի շրջանակներում ղեկավար կազմերին միլիոնանոց պրեմիաներ վճարելու համար։
Հիշեցնենք, որ մի անգամ վճարել են 25-ի դեկտեմբերին, ապա կես տարի չեն վճարել, որ ընտրություններից առաջ մարդկանց չզայրացնեն, հիմա նորից սկսել են վճարել»։
Source: https://news.am/hy/news/1050279