Էնդի Բերնեմը դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը։ Այս մասին Միացյալ Թագավորությունում իշխող կուսակցության հատուկ համաժողովում հայտարարել է նրա Ազգային գործադիր կոմիտեի ղեկավար Շաբանա Մահմուդը։ Ուղիղ հեռարձակումը վարում է Sky News հեռուստաալիքը։

Հաշվի առնելով այն, որ լեյբորիստներն իշխանությունում են, 56-ամյա քաղաքական գործիչը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը մինչ այդ որոշել էր լքել Քիր Սթարմերը։ Դաունինգ սթրիթում առաջնորդների փոփոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հուլիսի 15-ին, սակայն Բերնեմից բացի, որը Մեծ Մանչեսթրի նախկին քաղաքապետն է, ոչ ոք իր թեկնածությունը չի առաջադրել։ Քաղաքական գործչին աջակցել են 403 լեյբորիստ պատգամավորներից 369-ը և կուսակցության հետ փոխկապակցված բոլոր արհմիությունները։ Այսպիսով, նա դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդն առանց այլընտրանքի, կամ, ինչպես դա անվանում են բրիտանական լրատվամիջոցները, «թագադրվել» է այդ պաշտոնում։

Source: https://news.am/hy/news/1050369