Իսրայելը մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում ծավալել սեփական կառավարվող ավիացիոն ռումբերի զանգվածային արտադրություն՝ ձգտելով նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից սպառազինության մատակարարումներից, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ զինամթերքի ազգային արտադրության ընդլայնման քաղաքականությունը որդեգրվել էր դեռևս 2024 թվականին՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Յոավ Գալանտի որոշմամբ։ Առիթ էր ծառայել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին առանձին տեսակի սպառազինությունների մատակարարման մասնակի սահմանափակումների կիրառումը։ Դրանից առաջ երկիրը տասնամյակներ շարունակ մեծապես ապավինում էր նման զինամթերքի ամերիկյան մատակարարումներին։

Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Բարամը հայտարարել է, որ այսօր գերատեսչության աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը ավիացիոն զինամթերքի արտադրության ավելացումն է։

«Մենք ակտիվորեն համալրում ենք բոլոր ծախսված զինամթերքի պաշարները, որպեսզի պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Արտադրական գծերի ընդլայնման և արագացման մասին որոշումները, որոնք ընդունվել էին դեռևս Իրանի դեմ օպերացիայից առաջ, հնարավորություն կտան թողարկման ծավալները հասցնել որակապես նոր մակարդակի»,- նշել է նա։

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Իսրայելն արդեն արտադրում է սեփական նշանառության համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս սովորական ազատ անկման ավիառումբերը վերածել բարձր ճշգրտության զենքի։ Սակայն ներկայիս արտադրական հզորությունները դեռևս չեն բավարարում երկրի պահանջները, ուստի իշխանությունները մտադիր են էապես մեծացնել թողարկման ծավալները։ Միաժամանակ, արտադրության կոնկրետ ցուցանիշները և նոր զինամթերքի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում։

Source: https://news.am/hy/news/1050394