ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը:

Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում։

ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում։

Հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Source: https://news.am/hy/news/1051718