Հուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գ․ Մ․-ին, 15 հոգով, իր երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին Գ․ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Լեոյի փողոցում իրեն են մոտեցել անհայտ անձինք՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններիս պահանջով նա նստել է ավտոմեքենան, որից հետո իրեն տեղափոխել են Լեոյի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․ Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1051709