Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությամբ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք որոշակի ժամանակահատված չեն բնակվում երկրում, զրկվում են ընտրական իրավունքից, սակայն միևնույն ժամանակ շարունակում են կրել բոլոր այն պարտականությունները, որոնք կրում են Հայաստանի մյուս քաղաքացիները, այդ թվում՝ զինվորական ծառայության և հարկերի վճարման հետ կապված պարտականությունները։ Այս մասին հուլիսի 25-ին Երևանում «Ձայնի իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով քննարկման ընթացքում հայտնել է իրավաբան Արսեն Թավադյանը։
Նա հիշեցրել է, որ Սահմանադրության համաձայն՝ ընտրական իրավունքից կարող են զրկվել միայն անգործունակ և ծանր հանցագործություններ կատարած քաղաքացիները։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանից ժամանած Հայաստանի քաղաքացիների մասնակցության ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա նվազագույն է եղել։
Թավադյանը կեղծ է անվանել այն պնդումը, թե Ռուսաստանից ժամանած Հայաստանի բոլոր քաղաքացիներն ընդդիմադիր հայացքների կրողներ են։
Նա պարզաբանել է, որ իշխանությունները պարզապես փորձում են դրանով արդարացնել այն չիրականացած ակնկալիքները, որոնք կապված էին 50%+1 ձայն հավաքելու մտադրության հետ։
«Հիմք է նախապատրաստվում սահմանադրական փոփոխությունների համար՝ կրճատելով ընտրողների թիվը, որն այսօր կազմում է մոտ 2,5 մլն», - նշել է փորձագետը։
Նա ընդգծել է, որ իշխանությունների որոշման վրա ազդելու փորձ կարելի է անել հասարակական ճնշման միջոցով և ստիպել ընդդիմադիր պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան։
«Գործող խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ունեն դրա համար համապատասխան թվով մանդատներ», - հայտնել է Թավադյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որը վերջին ընտրությունների արդյունքներով օրինական ճանապարհով ստացել էր 60 հազար ընտրողի ձայն, զրկել են պատգամավորական մանդատներ ստանալու հնարավորությունից։
Source: https://news.am/hy/news/1051714