Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության՝ կոչ անելով թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։
The National պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև բացահայտ հակամարտոտության պատճառներ չի տեսնում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- հայտարարել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ իսրայելցի որոշ քաղաքական գործիչների կողմից Թուրքիայի հասցեին հնչող կոշտ հայտարարությունները, հատկապես ընտրությունների մոտենալուն զուգահեռ, պայմանավորված են Իսրայելի ներքաղաքական պայքարով։ Ֆիդանը նշել է, որ իսրայելցի քաղաքական գործիչների մի մասը, այդ թվում՝ ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, փորձում են արտաքին թշնամու կերպարն օգտագործել նախընտրական նպատակներով։
«Նրանք բոլորը չեն, որ նման են Նեթանյահուին կամ մի քանի այլ գործիչների: Բայց ընտրությունների մոտենալուն զուգընթաց նրանց թշնամի է պետք։ Նրանք արդեն իսկ հակամարտության մեջ էին ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» ու Իրանի հետ, իսկ հիմա իսրայելցի որոշ քաղաքական գործիչների համար այդ թշնամին դարձել է Թուրքիան»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Ֆիդանն ընդգծել է, որ Իսրայելում կան քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք, նրա ձևակերպմամբ, ավելի հավասարակշռված մոտեցում ունեն և կողմ են ռազմավարական մոտեցմանը։
Source: https://news.am/hy/news/1049209