Նախագահ Դոնալդ Թրամփը արհամարհանքով է արտահայտվել Իրանի աջակցությունը վայելող հութիների՝ Կարմիր ծովը շրջափակելու սպառնալիքի մասին՝ լրագրողներին հայտարարելով, որ «եթե նման բան տեղի ունենա, մենք պարզապես ստիպված կլինենք լուծել այդ հարցը», հաղորդում է CNN-ը:

«Առայժմ դա տեղի չի ունեցել: Միգուցե պատահի, բայց մենք գիտենք, թե ինչպես լուծել հարցերը,- ասել է նա Օվալաձև աշխատասենյակից:- Մենք նախկինում արդեն արել ենք դա հութիների հետ, և այն բանից ի վեր, ինչ մենք արեցինք ի սկզբանե, նրանց մասին ոչինչ չենք լսել»:

Կարմիր ծովի ծովային շրջափակումը կարող է նոր ճակատ բացել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմում՝ ավելի կրճատելով Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների ծավալները:

Եմենում հութիների ուժերը սաուդյան նավերին նախազգուշացրել են ձեռնպահ մնալ Կարմիր ծովն օգտագործելուց՝ երկուշաբթի համապատասխան հաղորդագրություն փոխանցելով այդ ռազմավարական ջրային ուղում նավարկող նավերին:

Թրամփը հրաժարվել է մանրամասնել, թե կոնկրետ ինչպես ԱՄՆ-ը կարձագանքի նավագնացությունը փակելու հութիների փորձերին՝ հղում անելով խմբավորմանն ուղղված նախկին հարվածներին:

«Դա մոտ 45 օր տևած շատ հզոր գործողություններ էին հութիների դեմ, և դրանից հետո մենք նրանց հետ խնդիրներ չենք ունեցել, - նշել է նա: - Նրանք երկար ժամանակ, ներառյալ՝ ընթացիկ հակամարտության ընթացքում մեզ հետ խնդիրներ չեն ունեցել»:

Source: https://news.am/hy/news/1051010