ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է բնապահպանական բազմամյա սահմանափակումները, որոնք պաշտպանում են անհետացման եզրին գտնվող կենդանիների արեալները՝ պահպանվող տարածքների մի մասը բացելով օգտակար հանածոների արդյունահանման, հորատման, գյուղատնտեսության և շինարարության համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

ԱՄՆ ներքին գործերի և առևտրի նախարարությունների հաստատած նոր կանոնը փոխում է «վնաս» հասկացության մեկնաբանությունը 1973 թվականից գործող «Անհետացման եզրին գտնվող տեսակների մասին» օրենքի (Endangered Species Act) շրջանակում։ Նախկինում արգելքի տակ էր հայտնվում ոչ միայն կենդանիների ուղղակի ոչնչացումը, այլև նրանց բնակության միջավայրի ավերումն ու փոփոխումը, քանի որ դա կարող էր տեսակներին զրկել բազմանալու, սնունդ և ապաստան գտնելու հնարավորությունից։

Թրամփի վարչակազմը օրենքի նախկին մեկնաբանությունն անվանել է «հնացած» և հայտարարել, որ նոր որոշումն այն վերադարձնում է իր «նախնական իմաստին»՝ սահմանափակելով, իշխանությունների կարծիքով, դաշնային մարմինների չափից ավելի միջամտությունը։

ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը հայտարարել է, որ նախկին կանոնները սովորական տնտեսական գործունեությունը վերածում են «կարգավորող թակարդի», ավելացնում քաղաքացիների ու բիզնեսի ծախսերը և ընդլայնում պետության լիազորությունները՝ գերազանցելով Կոնգրեսի նախատեսած սահմանները։

«Տարիներ շարունակ դաշնային գործակալություններն օգտագործել են „Անհետացման եզրին գտնվող տեսակների մասին“ օրենքը՝ հողերի օրինական օգտագործմանը խոչընդոտելու և ամերիկյան ընտանիքների ու ընկերությունների համար դժվարություններ ստեղծելու համար»,- հայտարարել է Բերգամը։

Առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը նույնպես աջակցել է փոփոխություններին՝ նշելով, որ դրանք կօգնեն, մասնավորապես, ձկնորսներին, որոնք, նրա խոսքով, բախվում են չափազանց մեծ սահմանափակումների։

Բնապահպանական կազմակերպությունները խստորեն քննադատել են վարչակազմի որոշումը և հայտարարել այն դատարանում բողոքարկելու մտադրության մասին։ Բնության պաշտպանության խմբերի ներկայացուցիչները կարծում են, որ բնակության միջավայրի պաշտպանության բացառումը կթուլացնի հազվագյուտ տեսակների պահպանման առանցքային մեխանիզմներից մեկը։

«Բնակության միջավայրի կորուստը տեսակների անհետացման գլխավոր պատճառն է։ Երբ դուք վերացնում եք միջավայրի պաշտպանությունը, չեղարկում եք օրենքի կարևորագույն երաշխիքներից մեկը»,- հայտարարել է Oceana կազմակերպության արշավների տնօրեն Գիբ Բրոգանը։

Բնապահպանները վկայակոչում են նաև ԱՄՆ Գերագույն դատարանի 1995 թվականի որոշումը, որը հաստատել էր «վնաս» հասկացության լայն մեկնաբանությունը և դրա մեջ ներառել կենդանիների բնակության միջավայրերի ավերումը։ Այժմ հնարավոր դատական վեճերը կարող են կրկին հասնել Գերագույն դատարան, որի ներկայիս կազմն ավելի պահպանողական է համարվում։

Սա Թրամփի վարչակազմի առաջին փորձը չէ՝ «Անհետացման եզրին գտնվող տեսակների մասին» օրենքի ազդեցությունը թուլացնելու համար։ Թրամփի առաջին և երկրորդ նախագահական ժամկետների ընթացքում նրա վարչակազմը բազմիցս քայլեր է ձեռնարկել՝ փորձելով կրճատել բնապահպանական այն սահմանափակումները, որոնք կապված են կենդանիների պաշտպանության և բնական պաշարների օգտագործման հետ։

Source: https://news.am/hy/news/1049212