Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են AZAL ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի աղետի հետ կապված բոլոր հարցերը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ընթացիկ տարում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և կառավարությունների, մեր նախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորել ենք 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ընկերության ուղևորատար ինքնաթիռի աղետի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer-190 ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում, ավիաընկերության տվյալներով, եղել են 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի ԱԻՆ տվյալներով՝ փրկվել է 29 մարդ, որոնց թվում, ՌԴ դեսպանատան տեղեկությամբ, եղել են ինը ռուսաստանցիներ։ Ընդհանուր առմամբ, ցուցակների համաձայն, ինքնաթիռում եղել են Ռուսաստանի 16 քաղաքացիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հուլիսի 19-ին հայտարարել է, որ Բաքուն պնդում է զոհվածների ընտանիքներին և ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածներին փոխհատուցումներ վճարելու հարցում։ Բացի այդ, Ալիևը հայտնել է Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնելու համար փաստաթղթեր պատրաստելու մասին։

Source: https://news.am/hy/news/1050358