Թաիլանդի իշխանությունները, Ինդոնեզիայի օրինակին հետևելով, սկսել են պայքարը «ռուսական գյուղերի» դեմ։ Չոնբուրի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի չորս քաղաքացու՝ էլիտար անշարժ գույքի հետ կապված գործարքներում օրենսդրության հնարավոր խախտումների հետաքննության շրջանակում, հայտնել է The Nation-ը։ Պարբերականի տվյալներով՝ իրավապահները խուզարկություններ են անցկացրել 41 հասցեում։ Առգրավվել են գրանցման փաստաթղթեր, հաշվապահական գրառումներ, համակարգիչներ և հեռախոսներ։

Հետաքննությունը վերաբերում է բնակելի համալիրների, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 154 միլիոն դոլար։ Այս օբյեկտները գովազդվում էին որպես «ռուսական գյուղ»։ Քննիչները ստուգում են, թե արդյոք Թաիլանդի քաղաքացիներն օգտագործվել են որպես անվանական բաժնետերեր՝ ընկերությունների նկատմամբ օտարերկրյա վերահսկողությունը թաքցնելու, հողի սեփականության և բիզնես վարելու սահմանափակումները շրջանցելու համար։

Ոստիկանության տվյալներով՝ հինգ բնակելի համալիրներում գտնվող մոտ 775 տան սեփականության համար գրանցվել է ավելի քան 495 ընկերություն, որոնցից 435-ն ունեցել է օտարերկրյա բաժնետերեր։ 33 ընկերություն դարձել է հետաքննության առարկա։ Քննությունը կարծում է, որ 19 ընկերություն կարող էր օգտագործել թաիլանդցի անվանական բաժնետերերի, ևս 14-ում օտարերկրյա մասնակցությունը գերազանցել է սահմանափակումները։ Իրավապահ մարմինները ստուգում են երկու թաիլանդացի հաշվապահների դերը, որոնք հաշվառված էին որպես 186 ընկերության բաժնետերեր։ Քննիչները պետք է պարզեն՝ արդյո՞ք նրանք ներդրել են սեփական միջոցներ, թե՞ ձևականորեն տնօրինել են բաժնեմասեր՝ ի շահ օտարերկրյա քաղաքացիների։

Ինչպես նշել է The Nation-ը, Չոնբուրիում իրականացվող հետաքննությունը համազգային արշավի մի մասն է՝ ուղղված անվանական սեփականատերերի օգտագործմամբ սխեմաների դեմ, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս շրջանցել հողի սեփականության և բիզնեսի որոշ տեսակներով զբաղվելու արգելքը։ Ոստիկանությունում հայտնել են, որ ստուգումները կընդլայնվեն։

Ավելի վաղ նման միջոցներ ձեռնարկվել էին գարնանը Ինդոնեզիայի Բալի կղզում։ Կղզու նահանգապետ Ի Վայան Կոստերը հայտնել էր, որ իշխանությունները վերացրել են այսպես կոչված «ռուսական» և «ուկրաինական» գյուղերը՝ օտարերկրացիների խիտ բնակության շրջաններ, որոնք առաջացել էին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տեղափոխությունից հետո։ Նահանգապետի խոսքով՝ օտարերկրացիներն ակտիվորեն ներդրումներ էին կատարում անշարժ գույքում և բիզնես բացում, սակայն նման բնակավայրերը հակասում են կղզու տեղական կանոններին և մշակութային քաղաքականությանը։ Ստուգումներից հետո իշխանությունները փակել են չգրանցված օբյեկտները և խստացրել հողի օգտագործման ու վիլլաների վարձակալության վերահսկողությունը։

2024 թվականի վերջին Բալիի ոստիկանությունը ձերբակալել էր PARQ Ubud առանձնատների համալիրի հիմնադիր Անդրե Ֆրեյին, որին տեղական լրատվամիջոցներն անվանում էին «ռուսական գյուղի» ստեղծող։ Քննության վարկածով՝ համալիրը կառուցվել էր հողօգտագործման կանոնների խախտմամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։ Վերջին տարիներին Բալիի իշխանությունները նաև խստացրել են օտարերկրացիների կողմից միգրացիոն օրենսդրության պահպանման վերահսկողությունը։ Ռուսաստանի քաղաքացիների արտաքսման ամենահաճախակի պատճառների թվում են անօրինական աշխատանքը, անհրաժեշտ թույլտվությունների բացակայությամբ բիզնես վարելը և կեցության կանոնների խախտումները։

Source: https://news.am/hy/news/1050360