Խաղաղության խորհուրդը, որը Դոնալդ Թրամփը մեծ շուքով ձևավորել էր հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում և որը, դատելով հայտարարված նպատակներից, պետք է մրցակցեր ՄԱԿ-ի հետ, առայժմ չի կարողանում նույնիսկ խաղաղապահներ հավաքագրել Գազայի հատվածի համար։ Թրամփի ծրագիրը պաղեստինյան անկլավի համար նախատեսում էր 20 հազար հոգանոց միջազգային խաղաղապահ զորախմբի ստեղծում՝ անվտանգությունն ապահովելու և Գազայի վերադարձը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ կանխելու համար։
Սակայն այժմ խոստացված Միջազգային կայունացման ուժերը մեծ դժվարությամբ փորձում են տեղակայել ընդամենը 10-20 զինծառայողներից բաղկացած առաջին խումբը, The Wall Street Journal-ին պատմել են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը և այս ծրագրերին ծանոթ այլ աղբյուրներ։
Մարոկկացի զինվորներին, որոնք պետք է ժամանեին դեռ հունիսին, այժմ սպասում են մի քանի ամսվա ընթացքում։ Ընդ որում, նրանց անմիջապես Գազայի հատված չեն ուղարկի։ Նրանք պատրաստություն կանցնեն անկլավի սահմանի մոտ՝ Իսրայելի տարածքում։ Ակնկալվում է, որ ավելի ուշ նրանց կմիանան լրացուցիչ խաղաղապահներ։
Թրամփի լայնածավալ ծրագրերի ձախողումը, որը 2025 թվականի հոկտեմբերին, հրադադարի հասնելով Գազայում, հռչակել էր «նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսը», վկայում է հակամարտությունների կարգավորման նրա մոտեցման սահմանափակ լինելու մասին, նշել է WSJ-ն։ Նրա համար առաջնահերթը սպանությունների դադարեցումն է, և դրա համար նա վճռական քայլեր է ձեռնարկում, սակայն երկարատև խաղաղության ապահովման բարդ մանրամասների մշակումը թողնում է ավելի ուշ ժամանակների։
Բացի այդ, Իրանի հետ սկսված պատերազմը «ոչ միայն հետաձգլ է [Գազայի] հակամարտության վերաբերյալ որոշումների ընդունումը, այլև թուլացրել [դրա կարգավորման նկատմամբ] հետաքրքրությունն այս գործընթացում ներգրավված որոշ երկրների կողմից», հայտնել է Դենիել Շապիրոն, որը Ջո Բայդենի վարչակազմում զբաղեցնում էր պաշտպանության նախարարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը։
Գազայում Իսրայելի ռազմական գործողության դադարեցման շուրջ համաձայնության հասնելով՝ Թրամփը ներկայացրել էր 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիր և հայտարարել, որ այն ճանապարհ կբացի ափամերձ գոտիների վերականգնման մեծածավալ նախագծերում ներդրումների համար։ Ռազմական գործողությունների դադարից և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի նկատմամբ վերահսկողության բաժանումից հետո խմբավորումը պետք է զինաթափվեր և իշխանությունը փոխանցեր տեխնոկրատական պաղեստինյան կառավարությանը։ Դուրս բերված իսրայելական զինվորականների տեղը պետք է զբաղեցնեին խաղաղապահները, իսկ վերահսկողությունն իրականացներ հենց Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը։
Սակայն գործընթացը կանգ է առել։ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է զինաթափվել, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային, վերականգնումը չի սկսվել, դրա համար խոստացված միլիարդները չեն ստացվել, իսկ խաղաղապահների տեղակայման շուրջ բանակցությունները կասեցվել են տարածաշրջանում ընդհանուր անկայունության պատճառով, այդ թվում՝ Իրանի հետ պատերազմի և Լիբանանում Իսրայելի գործողության ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1049117