Ռուսաստանը չի շտապի Հայաստանին զրկել գազից։ Նա պարզապես չի ցանկանա կորցնել ճնշման և ազդեցության իր լծակները։ NEWS.am-ի հետ զրույցում հուլիսի 27-ին այս մասին հայտարարել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Այդուհանդերձ, ինչպես նշել է փորձագետը, իրադարձությունների նման զարգացման դեպքում հայկական կողմն ունի երեք այլընտրանք։
«Այլընտրանքներից մեկը թուրքմենական գազն է։ Երկրորդ այլընտրանքը, որն ինձ ուրախացրեց, իրանական գազն է։ Վերջերս մեր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Իրան։ Տեղի են ունեցել լուրջ քննարկումներ, առաջադրվել են հետաքրքիր նախագծեր։ Ի դեպ, խոսքը բավականին լուրջ ռազմավարական ծրագրերի մասին է։ Օրինակ՝ խոսվել է նաև Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին։ Ամենակարևորն այն է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող գազի մատակարարումները», — ասել է Մակարյանը։
Որպես երրորդ այլընտրանք՝ տնտեսագետը նշել է արևային էներգետիկան։ Նրա կարծիքով՝ այս նախագծի իրականացման դեպքում արտադրության, ինչպես նաև կենցաղի զգալի մասը հնարավոր կլինի վերահասցեագրել արևային էներգետիկային՝ դրանք այդպիսով ազատելով «գազային ասեղից»։
Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի սակագները պետք է էապես նվազեցվեն։ «Միայն դա կարող է արդարացնել «ՀԷՑ»-ի ազգայնացումը։ Եթե դա չլինի, ընկերությունը գերակա հանրային շահ ճանաչելը կկորցնի իր իմաստը», — նկատել է Մակարյանը։
Նա համոզված է, որ սակագների զգալի իջեցումը պետք է Կառավարության ռազմավարության հիմնական նպատակ դառնա։ Նրա կարծիքով՝ եթե ոչինչ չփոխվի, և ընկերության կառավարումը մնա նույնը, ամեն ինչ կկորցնի իր իմաստը։ Ընդ որում, ըստ տնտեսագետի, սակագինը չպետք է 1 կՎտ/ժ-ի դիմաց գերազանցի 28-30 դրամը։
Source: https://news.am/hy/news/1051926