Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումների հարցում, քաղաքական բաղադրիչից զատ, առկա է նաև տնտեսականը։ NEWS.am-ի հետ զրույցում հուլիսի 27-ին այս մասին հայտարարել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Ես համամիտ չեմ այն փորձագետների հետ, ովքեր ամեն ինչում քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Շատ դեպքերում «Ռոսսելխոզնադզոր»-ի ստուգումներն ու գնահատականները լիովին հավաստի են։ Մենք իսկապես խնդիրներ ունենք։ Մեր պաշտպանությունը, այդ թվում՝ բացահայտված խնդիրների մասով, շատ պասիվ է։ Մենք որևէ ապացույց չենք ներկայացնում, արձանագրություններ չենք ցուցադրում, արտասահմանյան ռեֆերենս-լաբորատորիաներում ստուգումներ չենք իրականացնում՝ արդյունքները ռուսական կողմին հետագայում ներկայացնելու համար», — պարզաբանել է Մակարյանը՝ կրկին նշելով, որ սանիտարահիգիենիկ վերահսկողության մասով Հայաստանն իսկապես խնդիրներ ունի։

Source: https://news.am/hy/news/1051927