Ռուսական «Նեուստրաշիմի» ռազմանավը, որին ուղեկցում են նաև Բրիտանական թագավորական ռազմածովային ուժերի նավերը, երկուշաբթի օրը կրակային զորավարժություններ է անցկացրել Պլիմուտ քաղաքից 40 ծովային մղոն (մոտ 74 կմ) հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բրիտանական ռազմական նավերը շարունակում են «ուշադիր հետևել» ռուսական ֆրեգատի գործողություններին։

BBC-ի տվյալներով՝ «Նեուստրաշիմիին» հետևել է նաև ֆրանսիական ռազմական ինքնաթիռը, որը ռադիոկապ է հաստատել նրա հետ և խնդրել ճշտել նպատակները։

Աղբյուրները հայտնել են, որ «Նեուստրաշիմին» նախապես զգուշացրել է բրիտանական HMS Tyne պարեկային նավին, որ մտադիր է մարտական կրակով զորավարժություններ անցկացնել տարածքում։

Ռուսական նավը պահանջել է, որ HMS Tyne-ը հեռանա անվտանգ հեռավորության վրա, ինչն էլ արվել է։ Հրաձգությունն իրականացվել է միջազգային ջրերում և տևել է 30 րոպե։

«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Կրեմլը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Մեծ Բրիտանիայի ափերի մոտ անցկացված այն զորավարժություններում, որոնք համընկել են նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի աշխատանքի առաջին օրվա հետ։

Source: https://news.am/hy/news/1050933