Կատարցի բանակցողներն Իրանում են, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Գործակալության տեղեկացմամբ՝ խորհրդակցությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։ Դրանց հիմնական նպատակն ավելի լայն երկխոսության շարունակման համար պայմաններ ստեղծելն է և ամերիկա-իրանական հրադադարի մասին հուշագրի իրագործման հարցի քննարկումը։

Reuters-ի զրուցակիցը նաև հայտնել է, որ կողմերը մտադիր են քննարկել վերջին սրման պատճառները, այդ թվում՝ տարաձայնությունները, որոնք կապված են Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման հետ։

Տարածաշրջանում իրավիճակի սրումը տեղի ունեցավ հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնող առևտրային լցանավերի դեմ հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ը մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքին, իսկ Թեհրանն ի պատասխան հարձակվեց տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

Source: https://news.am/hy/news/1049122