Սպորտային ավտոմեքենաների գերմանական արտադրող Porsche-ն հայտարարել է աշխատակազմի նոր կրճատման մասին: Առաջիկա տարիներին ընկերությունը ծրագրում է ևս մոտ 5000 աշխատատեղ կրճատել, հայտնում է Bild-ը: Ավելի վաղ արդեն որոշում էր ընդունվել կրճատել 3900 աշխատակցի, իսկ դուստր ձեռնարկություններում ևս մոտ 500 հաստիք կվերանա:
Ընդ որում, Porsche-ն մինչև 2035 թվականի վերջը կերկարաձգի Ցուֆենհաուզենի գլխավոր գործարանի և Վայսախի հետազոտական կենտրոնի աշխատակիցների զբաղվածության երաշխիքը: Զանգվածային ազատումներ չեն լինի. ընկերությունն ակնկալում է կրճատել աշխատակազմը թափուր տեղերը չլրացնելու, վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու և կամավոր համաձայնագրերի հաշվին:
Աշխատատեղերի պահպանման համար աշխատակիցները ստիպված կլինեն զիջումների գնալ: Մինչև 2035 թվականը աշխատավարձերի բարձրացման մի մասը կսառեցվի, ծննդյան/սուրբծննդյան վճարումները կկրճատվեն, իսկ բոնուսներն ավելի խիստ կկապվեն ընկերության արդյունքների հետ: Բացի դրանից, տնից աշխատելու հնարավորությունը ամսական 12-ից կկրճատվի առավելագույնը 8 օրվա:
Խնայողության նոր փուլի պատճառներն են դարձել Չինաստանում վաճառքի ծավալների անկումը, ամերիկյան մաքսատուրքերը և մոդելային շարքի թարմացման բարձր ծախսերը: Եթե երեք տարի առաջ Porsche-ն տարեկան վաճառում էր մոտ 320 հազար ավտոմեքենա, ապա 2026 թվականին ընկերությունը մոտ 250 հազար ավտոմեքենա է սպասում:
Source: https://news.am/hy/news/1051968