Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանակից ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանունակությունը՝ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում։ Այդ մասին գրել է Politico թերթը։ Պարբերականը հիշեցրել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դուրս գալ դաշինքից Իրանի հետ պատերազմի ավարտից հետո, քանի որ եվրոպացի դաշնակիցները հրաժարվել էին Վաշինգտոնին աջակցել Թեհրանի հետ հակամարտությունում։
Նյութում ասվում է, որ Ֆինլանդիան պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի գրեթե 3%-ը և, ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան, մտադիր է մինչև 2035 թվականը այդ ցուցանիշը հասցնել 5%-ի։ Երկրի ռազմաօդային ուժերը առաջիկա ամիսներին ակնկալում են ստանալ ամերիկյան F-35 կործանիչներ։ Չնայած այս միջոցառումներին՝ ֆիննական զինված ուժերը դեռևս հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների կիրառման յուրացման հարցում։
Լեհաստանը, իր հերթին, շեշտը դնում է բետոնե արգելապատնեշների, սենսորների, անօդաչու սարքերի և բանակի արագ ընդլայնման վրա, ինչպես նաև միլիարդներ է ներդնում Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով պաշտպանական կառույցների մեջ։ Միևնույն ժամանակ, առանձին հատվածներում արձանագրվում է անհամապատասխանություն ծրագրերի և իրական իրավիճակի միջև․ ամրաշինությունները հայտնվում են, հետո անհետանում, նյութերը մնում են պահեստներում, իսկ տեղացիները հետևում են շինարարական ակտիվության անկմանը։
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ուժեղացնում են պաշտպանությունը համատեղ Բալթյան պաշտպանական գծի շրջանակում՝ ստեղծելով հակատանկային խրամատներ, ականապատ դաշտեր և բունկերներ։ Այս միջոցառումները ներառում են բանակների ընդլայնում, բետոնե արգելապատնեշների կառուցում, անօդաչու սարքերի օգտագործում, սենսորների տեղադրում և պաշտպանական գծերի ստեղծում։
Source: https://news.am/hy/news/1048048