Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 30-ի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում թվարկել է հայկական բանակում զինծառայողների ինքնասպանությանը հանգեցնող երեք հիմնական պատճառները։
«Գիտե՞ք, թե ինչու են մեր բանակում զինծառայողներն ինքնասպանություն գործում։ Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարելն ու պարտքերի հորձանուտի մեջ ընկնելն է, իսկ հետո՝ այդ պարտքերը մարելու անհնարինությունը», — հայտարարել է Փաշինյանը, ով բանակում չի ծառայել։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն արդեն իրավական միջոցներ են ձեռնարկել գործող զինծառայողներին մոլախաղերին մասնակցելն արգելելու ուղղությամբ, սակայն համակարգը դեռ ներդրման փուլում է։ Վարչապետը նշել է, որ խնդրին ծանոթ է դեռևս 2010-2011 թվականներին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակներից․ օրինակ՝ զինծառայողները կարող են խաղադրույքներ կատարել ուրիշի հեռախոսներով։ Փաշինյանը հավելել է, որ կան «ստվերային դիլերներ», որոնք խաղադրույքներն ընդունում են հեռախոսով, վճարում են շահումները, իսկ տանուլ տված միջոցները պահանջում են վերադարձնել ցանկացած եղանակով։
Երկրորդ պատճառը ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։ Երրորդ պատճառը կապված է շատ կոնկրետ իրավիճակի հետ, որը առաջնագծում ծառայություն իրականացնելու ժամանակ քնելն է։ «Եթե զինծառայողը քնել է դիրքում, նշանակում է՝ վտանգի տակ է դրել մյուսների կյանքը», — պարզաբանել է Կառավարության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ մարտական հերթապահության ժամանակ քնող զինծառայողների նկատմամբ ծառայակիցների կողմից կարող է արհամարհական վերաբերմունք դրսևորվել։ Դիրքերից վերադառնալուց հետո նման զինծառայողները կարող են մեկուսացվել կոլեկտիվից։ Նրանք կարող են ենթարկվել հոգեբանական ճնշման, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է ինքնասպանության։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ բանակում ինքնասպանության դեպքերի մինչև 90%-ը տեղի է ունենում հենց այս երեք պատճառներով։
Source: https://news.am/hy/news/1052507