Վերջին օրերին Հայաստանում նկատվող բենզինի թանկացումը պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով։ Հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում վառելիքի գները, ընդհանուր առմամբ, համահունչ են եղել համաշխարհային գների դինամիկային։ Ընդ որում, ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացման շնորհիվ հաջողվել է անգամ գնային որոշակի մրցունակություն ապահովել։
«Մենք ամենամսյա մոնիթորինգ ենք իրականացնում՝ հետևելով ինչպես ծավալներին, այնպես էլ գներին։ Աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները գտնվում են անկայուն վիճակում, և դրա հետ կապված գները որոշակիորեն աճել են», — պարզաբանել է Գևորգյանը։
Նա ընդգծել է, որ այս պահին խոսքը վերջին երկու-երեք օրվա ընթացքում արձանագրված փոփոխությունների մասին է։ Վերջնական պատկերը, նրա խոսքով, դեռ գնահատման կարիք ունի։
Հանձնաժողովի ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման հարցին՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այդ ուղղությամբ խնդիրներն առկա են արդեն մի քանի տարի։
«Արդեն մոտ երկու-երեք տարի է՝ մենք Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում։ Ընդ որում, դիզելային վառելիքի մատակարարումների հետ կապված խնդիրներ նույնպես եղել են», — հայտարարել է Գևորգյանը։
Source: https://news.am/hy/news/1052530