Երևանը TRIPP նախագծի իրականացման հարցում հավատարիմ է բաց և թափանցիկ դիրքորոշմանը և պատրաստ է պատասխանել հնարավոր մտահոգությունների հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հուլիսի 30-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով «Թրամփի ուղի» նախագծի և Իրանի մտահոգությունների մասին հարցին՝ նա մասնավորապես ընդգծել է, որ Երևանը պահպանում է բաց և թափանցիկ դիրքորոշում՝ հավաստիացնելով, որ Հայաստանը պատրաստ է պատասխանել հնարավոր մտահոգությունների հետ կապված բոլոր հարցերին։

Փաշինյանն ընդգծել է, որ TRIPP-ը շատ խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ է, որը օգուտ կբերի Հայաստանին, Իրանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ նախագծի իրականացումը հնարավորություն կտա երկաթուղային հաղորդակցություն բացել Պարսից ծոցից մինչև Սև ծով ընկած երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։ «Սա այն նախագծերից է, որը հերքում է այն հայտարարությունները, թե դրա իրականացումը իբր կարող է տարածաշրջանի որևէ երկիր թողնել լուսանցքում։ Ընդհակառակը, սա նախագիծ է, որը ներառում է բոլորին», - ընդգծել է վարչապետը։

Միաժամանակ նա ընդունել է, որ TRIPP-ի իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը, սակայն հույս է հայտնել, որ նախագիծը կյանքի կկոչվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Նիկոլ Փաշինյանը նաև ճշտել է, որ այս պահին դեռևս անհայտ է պաշտոնական այցով Իրան մեկնելու ամսաթվերը։ «Համապատասխան պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, սակայն կոնկրետ ժամկետները դեռ որոշված չեն», - հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1052501