Պենտագոնը ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համատեղ ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ գաղտնի տեղեկությունների արտահոսքերը բացահայտելու և կանխելու համար։ Դրա մասին հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը:

Ըստ նրա՝ նոր կառույցը համակարգելու է գործողությունները արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և այլ իրավապահ մարմինների հետ՝ արտահոսքի կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Հեգսեթը նշել է, որ արդարադատության նախարարության հետ փոխգործակցության լիազորությունները փոխանցվել են Պենտագոնի գլխավոր իրավախորհրդատուի աշխատակազմին։ Բացի դրանից, ռազմական գերատեսչության բոլոր ստորաբաժանումներին հրահանգվել է արտահոսքի հետաքննությանն առնչվող հարցումները կատարել 48 ժամվա ընթացքում։

«Գաղտնի և հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիությունը վստահության բարձրագույն աստիճան է: Նրանք, ովքեր դրժում են այդ վստահությունը, պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Source: https://news.am/hy/news/1049606