Գազայի հատվածի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, իսկ դրա բնակիչներն առաջին հերթին ունեն ազատության, անվտանգության և կայունության կարիք. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի տնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Ամուրը:
«Գազայի հատվածում տնտեսությունը կաթվածահար է և ոչնչացված: Մարդիկ շատ բանի կարիք ունեն, սակայն նրանց համար այժմ ամենակարևորը ազատությունն ու կայունությունն են»,- ասել է ալ-Ամուրը:
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում ձեռնարկությունների և հաստատությունների ավելի քան 80%-ն ավերված են կամ դադարեցրել են աշխատանքը, իսկ պահպանված փոքր բիզնեսը գործում է միայն ծայրաստիճան սահմանափակ ծավալով:
Նախարարն անկլավի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ գումարը գնահատել է մոտ 71–72 միլիարդ դոլար:
«Դա շատ մեծ գումար է: Կորուստները հսկայական են, իսկ անուղղակի և դեռևս չհաշվարկված վնասը շատ ավելի բարձր է»,- նշել է նա:
Ալ-Ամուրն ընդգծել է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում պաղեստինյան կառավարության հնարավորությունները մնում են ծայրահեղ սահմանափակ: Ըստ նրա՝ իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի բնակչության համար առնվազն նվազագույն պայմաններ ապահովեն տնտեսական կայունության պահպանման համար:
Նախարարն արաբական պետություններին և միջազգային հանրությանը կոչ է արել կատարել պաղեստինցի ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտավորությունները և օգնություն ցուցաբերել տնտեսության վերականգնման գործում:
Ալ-Ամուրը հավելել է, որ տնտեսական խնդիրների լուծումն անհնար է առանց քաղաքական կարգավորման, անկախ պաղեստինյան պետության ստեղծման և կայունության ապահովման:
Source: https://news.am/hy/news/1051593