Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է հարևան երկրից ապրանքների լայն տեսականու համար 50 տոկոսանոց նոր ներմուծման մաքսատուրքերի ԱՄՆ-ի սահմանումը: ԱՄՆ նախագահը ստորագրել է ընդհանուր առմամբ երեք հրամանագիր՝ Օտտավային մեղադրելով «խտրական» առևտրային քաղաքականության մեջ:

Քարնին դատապարտել է ներմուծման նոր վճարները՝ դրանք անվանելով «հերթական... քայլը մաքսատուրքերի շարքում, որոնք ուղղակիորեն խախտում են» ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը (USMCA/CUSMA):

«Այդ առևտրային վեճն արդեն հանգեցրել է ընտանիքների ծախսերի աճին, հատկապես Միացյալ Նահանգներում,- հայտարարել է Քարնին X հարթակում արված հաղորդագրության մեջ:- Կանադան պատրաստ է ինտենսիվ երկխոսության՝ ԱՄՆ-ի հետ վիճելի հարցերը լուծելու համար՝ ի նպաստ երկու երկրների քաղաքացիների»:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմն արդեն մաքսատուրքեր էր սահմանել կանադական պողպատի, ալյումինի, ինչպես նաև փշատերև փայտանյութի և սղոցանյութերի նկատմամբ:

Սակագնային նոր միջոցները ուժի մեջ կմտնեն ստորագրումից 30 օր անց: Դրանք ներդրվում են 1930 թվականի Սակագնային ակտի 338-րդ հոդվածի հիման վրա, որը թույլատրում է մինչև 50% չափով մաքսատուրքերի սահմանում այն երկրներից ներմուծման նկատմամբ, որոնք խտրականություն են թույլ տալիս ԱՄՆ-ի նկատմամբ:

Երկուշաբթի նախագահի ստորագրած երեք հրամանագրերն ուղղված են ամերիկյան արտահանման երեք առանցքային ապրանքատեսակների՝ ավտոմեքենաների, ոգելից խմիչքի և կաթնամթերքի նկատմամբ Կանադայի ենթադրյալ խտրականության դեմ:

Սահմանափակման տակ են հայտնվել մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ գինին, հոկեյի մահակները, ցեմենտը, կահույքը, թուղթը, նրբատախտակը, կաթնամթերքը և շատ ուրիշ ապրանքներ: Նոր միջոցառումների հիմնական տարբերությունը նախկին մաքսատուրքերից այն է, որ դրանք տարածվում են նշված բոլոր ապրանքների վրա՝ առանց USMCA համաձայնագրով նախատեսված բացառությունների:

Մարկ Քարնին նշել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Կանադան պատրաստել է առաջարկություններ USMCA-ի արդիականացման վերաբերյալ՝ ի պատասխան ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունների:

«Մենք պատրաստ ենք առաջիկա շաբաթներին ակտիվացնել այդ քննարկումները»,- ընդգծել է վարչապետը:

Վերջին տարվա ընթացքում Թրամփը կանոնավոր կերպով տնտեսական և քաղաքական ճնշում էր գործադրում Կանադայի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ-ի համար ավելի շահավետ առևտրային պայմանների: Մասնավորապես, ԱՄՆ նախագահի առաջարկները Կանադայի հնարավոր բռնակցման վերաբերյալ որպես «51-րդ նահանգ» առաջացրել էին կանադացիների ծայրահեղ կոշտ և վրդովված արձագանքը:

Բացի դրանից, երբ Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատեց ԱՄՆ հյուսիս-արևելյան և միջին-արևմտյան նահանգների մի մասը, Թրամփը սպառնաց երկրի դեմ նոր գանձումներ մտցնել:

Source: https://news.am/hy/news/1051025