Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդության նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ չենք խնդրելու՝ ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Այս մասին ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Օբյեկտիվ իրականության, ողջամտության, իրավունքի, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ գործ ունենք։ ՍԴ-ն հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող գտնվել անազատության մեջ․ օգտագործվել էր ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը,-նշեց Վարդևանյանը՝ խոսելով դատախազության ներկայացրած միջնորդության և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանման մասին, թե մինչև պատգամավորի լիազորությունների ստանձնումը նման հարցերի քննությունը ԿԸՀ տիրույթում են։
Վարևանյանի խոսքով, պատգամավորի կարգավիճակը հաստատվում է համապատասխան վկայականով։
«Այսօր ստացել ենք, օրինակ Դավիթ Ղազինյանի վկայականը, որտեղ գրված է ՝ ԱԺ պատգամավոր։ հետևաբար կարգավիճակն այս պահից սկսված հստակ է։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ն անձի անձնական ազատության վերաբերյալ հարց քննել, չի կարող»,-հավելեց փաստաբանը։
Source: https://news.am/hy/news/1050972