Մի քանի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս ՆԱՏՕ գագաթաժողովից հետո Թուրքիայից մեկնելիս անսպասելիորեն փոխել է ինքնաթիռն այն բանից հետո, երբ պաշտոնյաները լուրջ են համարել այն սպառնալիքը, թե իրանական պրոքսի-ուժերը թիրախավորել են նրան և նրա ինքնաթիռը։ Այս մասին գրել է The New York Times-ը։

Նա Անկարա էր ժամանել Boeing 747-8 նոր ինքնաթիռով, որը տրամադրել էր Կատարը և որը չունի այն նույն առաջավոր պաշտպանական միջոցները, ինչ հին Air Force One-ը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունն իմացավ սպառնալիքի մասին, Գաղտնի ծառայությունը Թրամփին կոչ արեց փոխել ինքնաթիռը։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Թուրքիայից մեկնելու համար կօգտվի հին ինքնաթիռից։

Սպառնալիքի բնույթի մասին տեղեկությունը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, լույս է սփռում այն պատճառների վրա, թե ինչու Սպիտակ տունն այդքան արագ փոխեց ինքնաթիռները։ Այն նաև ընդգծում է նվիրաբերված ինքնաթիռի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, որը, ինչպես պնդում էր Թրամփը, պետք է հնարավորինս շուտ պատրաստ լիներ շահագործման։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան մատնանշել է ԱՄՆ նախագահի՝ իրեն սպանելու Իրանի փորձերի մասին հրապարակային հայտարարությունները և վստահություն հայտնել նրա ու նրա պատվիրակության պաշտպանության համար ձեռնարկված միջոցների նկատմամբ։

Որոշ պաշտոնյաների միայն տեղեկացրել են, որ ինքնաթիռների փոխարինումը նախազգուշական միջոց էր Իրանի վերաբերյալ ընդհանուր մտահոգությունների պատճառով։ Կոնգրեսի առանցքային անդամները չեն տեղեկացվել կոնկրետ սպառնալիքի մասին։

Թրամփը սկզբում հայտնել էր, որ ինքնաթիռների փոխարինումն անհրաժեշտ էր, որպեսզի Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկացի զինծառայողները հնարավորություն ունենան զննելու նոր ինքնաթիռները, և հերքել էր, որ այդ որոշումը կապված է անվտանգության հետ։

Ինքնաթիռների փոխարինման պահին հաղորդումներ հայտնվեցին, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին տվել է հետախուզական տեղեկություններ Թրամփին սպանելու իրանական փորձերի մասին։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ թերահավատորեն են վերաբերվել այդ տեղեկություններին՝ կարծելով, որ դա փորձ է դրդելու Թրամփին՝ ուժեղացնել հարձակումներն Իրանի դեմ։

Source: https://news.am/hy/news/1051697