«18 արդարների» գործով դատական նիստում միջնորդություն է ներկայացվել 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելու վերաբերյալ։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրել է պատգամավորական անձեռնմխելիության մասին, որն առաջանում է կարգավիճակ ձեռք բերելու պահից։ Նա հստակեցրել է, որ ԿԸՀ որոշումը (պատգամավորների ցուցակների վերաբերյալ) հրապարակվել է նախօրեին։ Անդրադառնալով նրան, թե արդյոք պատգամավորի «կարգավիճակ» և «լիազորություններ» հասկացությունները նույնական են, իրավաբանը վկայակոչել է Սահմանադրական դատարանի՝ ժամանակին ընդունած մեկնաբանությունը, որի համաձայն՝ խոսքը հենց կարգավիճակի մասին է։ Ստացվում է, որ այս պահին պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, ընդգծել է Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ պատգամավորներն իրենց լիազորությունները կստանան օգոստոսի 2-ին։
Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել՝ չգիտես ինչու հղում անելով նրան, որ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարվել էր այն ժամանակ, երբ Սարգսյանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Ֆարխոյանը որոշել է, որ նախորդ գումարման պատգամավորի կարգավիճակը գործելու է մինչև օգոստոսի 2-ը, իսկ անձեռնմխելիությունից նա արդեն զրկված է։ Այսպիսով, դատարանը փաստաբանի ներկայացրած հիմքերը համարել է անհիմն, իսկ ՍԴ նշված որոշումը, ըստ դատարանի, չի տարածվում այս դեպքի վրա, քանի որ այն վերաբերում է նախկինում պատգամավոր չհանդիսացող անձի։ Սարգսյանի տնային կալանքի ժամկետն ավարտվում է օգոստոսի 8-ին, հիշեցրել է դատավորը՝ ակնարկելով, որ օգոստոսի 2-ից հետո փաստաբանը կարող է կրկնել միջնորդությունը։
Դատավորը նաև հավելել է, որ Սարգսյանն ԱԺ նիստին կարող է մասնակցել միայն ոստիկանների ուղեկցությամբ։
Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատավորի այս որոշումը նրա համար կավարտվի խիստ կարգապահական տույժով, քանի որ այն որևէ առնչություն չունի իրավունքի հետ։
Source: https://news.am/hy/news/1051386