ՆԱՏՕ-ն Մերձբալթյան երկրներում օդային պարեկության առաքելությունը բարձրացնում է նոր մակարդակի. դաշինքի կործանիչներին թույլ կտրվի խոցել օդային տարածքը խախտող օբյեկտները, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները, եթե դրանք սպառնալիք ներկայացնեն անվտանգությանը: Դրա համար օդաչուներից առանձին քաղաքական թույլտվություն ստանալ այլևս չի պահանջվի։

Ինչպես հաղորդում է Current Time-ը, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն օդային պարեկության առաքելությունը վերածում է լիարժեք հակաօդային պաշտպանության, ինչը դաշինքին հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել օդային սպառնալիքներին:

Բացի դրանից, Էստոնիայի «Ամարի» ավիաբազան ՆԱՏՕ-ի պաշտոնական օպերատիվ բազայի կարգավիճակ է ստացել։

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը պարզաբանել է, որ կործանիչների օդաչուներն այլևս ստիպված չեն լինի կապվել քաղաքական ղեկավարության հետ՝ որոշում ընդունելու համար։ Օբյեկտի նույնականացումից և ռիսկերի գնահատումից հետո հրամանատարությունը կկարողանա ինքնուրույն հրաման արձակել այն ոչնչացնելու վերաբերյալ։

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքի պարեկության ՆԱՏՕ-ի առաքելությունը գործում է 2004 թվականից՝ այդ երկրների դաշինքին անդամակցելուց հետո։ Նախկինում կործանիչները հիմնականում օդ էին բարձրանում ռուսական ռազմական ինքնաթիռները որսալու և ուղեկցելու համար։ Սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո տարածաշրջանում հաճախակիացել են անօդաչու թռչող սարքերի հայտնվելու դեպքերը։

Ըստ Մերձբալթյան երկրների իշխանությունների՝ առաքելության կարգավիճակի փոփոխությունը կապված է նոր սպառնալիքների ֆոնին օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության հետ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նշել է, որ նախկին ձևաչափը նախատեսված էր խաղաղ ժամանակների համար, մինչդեռ ներկայիս իրավիճակը ավելի խիստ միջոցներ է պահանջում։

ՆԱՏՕ-ում կարծում են, որ նոր լիազորությունները զսպող գործոն կդառնան և կուժեղացնեն տարածաշրջանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։

Source: https://news.am/hy/news/1049150