Էնցո Ֆերարին կարծում էր, որ մարզական մեքենան լավն է այնքանով, որքանով լավն է նրա շարժիչը։ Mercedes-Benz AMG-ի պատմությունը լիովին հաստատում է այս միտքը։ AMG-ին փառք բերեցին ոչ թե ավտոսպորտում ունեցած տիտղոսներն ու մրցանակները, և ոչ էլ սիրահարների շրջանում իրենց թափքի կցորդների տարածվածությունը, այլ հենց սովորական ճանապարհների համար նախատեսված մեքենաների հոյակապ V8 և V12 շարժիչները։ Իսկ Mercedes-AMG M156 ագրեգատը (V8, 6.2 լ)՝ առանց չափազանցության, ավտոարդյունաբերության ողջ պատմության ընթացքում շարժիչաշինության բացարձակ գագաթնակետերից մեկն է։
Սակայն դրանք վաղուց անցած օրերի պատմություններ են։ Իսկ ինչո՞վ է ապրում Mercedes-AMG-ն այսօր։ Ծանոթացե՛ք՝ նորագույն Mercedes-AMG CLA 45 էլեկտրամոբիլը, որի գլխավոր առանձնահատկությունը բենզինային շարժիչի աշխատանքի նմանակումն է։ Այն իրականացվում է ոչ միայն ձայնային էֆեկտներով, այլև նստատեղերի թրթռումով և թափառքի ժամանակ էլեկտրաշարժիչների քարշի կարճատև անջատումներով. տպավորություն է ստեղծվում, թե աստիճանական փոխանցման տուփով հագեցած մեքենայի փոխանցումներն են փոխվում, փոխանցում է Drom.ru-ն։
Mercedes-AMG CLA 45-ի ուժային համակարգը հագեցած է երեք էլեկտրաշարժիչով՝ մեկը առջևում, երկուսը՝ հետևում։ Ընդհանուր հզորությունը կազմում է 680 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 1759 Նմ։ Mercedes-AMG CLA 45-ի արգելակման համակարգն ունի 390 մմ տրամագծով սկավառակներ ու վեցմխոցանի սուպորտներ առջևում, և 350 մմ սկավառակներ ու միամխոցանի սուպորտներ՝ հետևում։ Ընթացային մասի կախոցն ունի պողպատե կոնաձև զսպանակներ և հարվածամեղմիչներ՝ կոշտության ավտոմատացված կարգավորմամբ։
Մարտկոցի տարողությունը կոմպակտ մեքենայի համար ուղղակի ապշեցուցիչ է՝ 94 կՎտժ։ Էլեկտրամոբիլի սեփական զանգվածը ընկերությունը չի բացահայտում, սակայն պարզ է, որ այն առնվազն երկու տոննա է։
0-ից մինչև 100 կմ/ժ թափառքը տևում է ընդամենը 2,7 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով (սահմանափակման նշագիծը կարելի է հասցնել մինչև 270 կմ/ժ-ի, սակայն դա հավելավճարով հասանելի տարբերակ է)։ Մեկ լրիվ լիցքավորմամբ էլեկտրամոբիլն անցնում է մինչև 670 կիլոմետր։
Mercedes-AMG CLA 45-ի էքստերիերն աչքի է ընկնում ընդգծված աերոդինամիկ կցորդներով և ռադիատորի քողարկիչի՝ լուսավորվող նմանակմամբ։ Սրահի առջևի վահանակն ունի իրար կպած երեք թվային էկրան և բոլոր անկյուններից երևացող «երաժշտական լուսային էֆեկտներ»։ Դեկորատիվ ներդիրները հիշեցնում են մեկ «ալյումինե կարբոն», մեկ «կարբոնե ալյումին»։ Ստանդարտ համալրմամբ Mercedes-AMG CLA 45-ի նստատեղերը պատված են արհեստական կաշվով։
Նորույթն առաջարկվելու է «սեդան» և «ունիվերսալ» թափքերով։ Երկու տարբերակներն էլ ունեն ակտիվ հետևի հակաթև, որը բարձրանում է մեծ արագությունների ժամանակ՝ այդպիսով մեծացնելով հակաճնշման ուժը։
Source: https://news.am/hy/news/1049992