Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամի՝ իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ այսօր սկսվել են Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ապրանքների սեփականատեր վաճառողների առաջին վճարումները։

Նրա խոսքով՝ առաջնահերթ աջակցություն կստանան առավել փոքր և խոցելի բիզնեսները, որոնց թիվը գերազանցում է 88 հազարը։ Վճարված գումարները վաճառողների անձնական հաշիվներում կհայտնվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում կվերականգնվի նաև ապրանքների դուրսբերման ծառայության բնականոն աշխատանքը։ Այժմ Wildberries-ը կենտրոնացած է ապրանքների վերաբաշխման վրա տարբեր լոգիստիկ համալիրների միջև՝ ապահովելու ապրանքաշրջանառության արդյունավետությունն ու գործընկերների գործունեության կայունությունը։ Միաժամանակ նշվում է, որ լոգիստիկ գործընթացների վերակազմավորման պայմաններում առաջնահերթությունը տրվում է գնորդների պատվերների հավաքագրմանը՝ սպառողական պահանջարկն ապահովելու նպատակով։

Տատյանա Կիմը նաև հայտնել է, որ այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տվյալներով, ցավոք, մեկ մարդ զոհվել է։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և նշել, որ ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։

«Մենք կհաղթահարենք այս ամենը»,- ամփոփել է Wildberries-ի հիմնադիրը։

Source: https://news.am/hy/news/1051269