Եվրոպան կարող է բախվել լուրջ ճգնաժամի, եթե վայրի փոշոտողների թվաքանակի կրճատումը շարունակվի։ Այս եզրակացությանն են եկել ութ միջազգային հետազոտական կոնսորցիումների 135 գիտնականներ, որոնք պատրաստել են Zenodo ամսագրում հրապարակված նոր վերլուծական զեկույց։

Հետազոտողների խոսքով՝ վայրի մեղուների, թիթեռների, ժուռչալկաների և այլ փոշոտողների անհետացումը սպառնում է ոչ միայն սննդամթերքի արտադրությանը, այլև տնտեսության մի շարք ճյուղերի՝ բժշկությունից և տեքստիլ արդյունաբերությունից մինչև զբոսաշրջություն ու մշակութային ժառանգության պահպանում։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ փոշոտողների ոչ բավարար պաշտպանության գլխավոր պատճառներից մեկը Եվրոպական միության քաղաքականության մասնատվածությունն է։ Պատասխանատվությունը բաշխված է գյուղատնտեսության, բնապահպանության, քիմիական նյութերի կարգավորման, առևտրի և ֆինանսների միջև, սակայն բացակայում է միասնական ռազմավարությունը։

Գիտնականները կոչ են անում փոշոտողների պահպանությունը դարձնել եվրոպական քաղաքականության բոլոր ուղղությունների առանցքային նպատակներից մեկը և մշակել ձեռնարկվող միջոցների արդյունավետության չափելի ցուցանիշներ։

Հեղինակների կարծիքով՝ փոշոտողների թվաքանակի կրճատումը էկոհամակարգերի վրա մարդկային գործունեության երկարամյա համակցված ազդեցության հետևանք է։ Նրանք նշում են, որ գյուղատնտեսությունը, բնական ռեսուրսների կառավարումը և գործունեության այլ տեսակները պետք է շատ ավելի սերտորեն հիմնվեն ժամանակակից գիտական գիտելիքների վրա այն մասին, թե ինչպես պահպանել էկոհամակարգերի կայունությունը։

Հետազոտողները նաև նշում են, որ նույնիսկ բնապահպանական հանրահայտ միջոցները միշտ չէ, որ արդյունավետ են լինում։ Օրինակ՝ շատ ֆերմերներ միջատներին գրավելու համար ծաղկային շերտեր են տնկում, սակայն գիշերային թիթեռների որոշ տեսակներ կարող են ավելի արդյունավետ փոշոտողներ լինել, քան մեղրատու մեղուները։ Բացի այդ, բազմաթիվ տեսակների թրթուրներին անհրաժեշտ են ոչ միայն ծաղկող բույսեր՝ հասուն առանձնյակների սնուցման համար, այլև հատուկ բույս-տերեր, որոնք հաճախ բացակայում են սերմերի ստանդարտ խառնուրդներում։

Հեղինակներն ընդգծում են, որ որոշումներ կայացնողներն ու տարածքներ կառավարողները հաճախ բավարար գիտելիքներ չունեն փոշոտողների էկոլոգիայի մասին։ Այդ պատճառով նրանք խորհուրդ են տալիս էկոհամակարգերի և միջատ-փոշոտողների դերի ուսումնասիրությունը ներառել տարբեր ուղղությունների կրթական ծրագրերում։

Որպես լուծում՝ հետազոտողները ներկայացրել են գիտականորեն հիմնավորված 15 առաջարկներից բաղկացած ճանապարհային քարտեզ։ Այն նախատեսում է տարբեր ոլորտներում քաղաքականության համակարգում, բնապահպանական օրենսդրության կատարելագործում, գյուղատնտեսական գործելակերպերի փոփոխություն, էկոլոգիական կրթության զարգացում և փոշոտողների կենսամիջավայրերի վերականգնման գիտականորեն հաստատված մեթոդների ներդրում։

Գիտնականների կարծիքով՝ միայն համապարփակ մոտեցումը թույլ կտա կանգնեցնել նրանց թվաքանակի կրճատումը և նվազեցնել Եվրոպայի պարենային անվտանգության համար առկա ռիսկերը։

Source: https://news.am/hy/news/1048798