Մալայզիայի իշխանություններն անմիջապես կարտաքսեն Իսրայելի քաղաքացիներին թագավորության տարածքում հայտնաբերվելու դեպքում, քանի որ Կուալա Լումպուրը չի ճանաչում իսրայելական պետությունը: Որոշման մասին հուլիսի 15-ին լրագրողներին հայտարարել է երկրի վարչապետ Անվար Իբրահիմը:
Մինչ այդ Ջոհոր նահանգի իշխանությունները դիմել էին Մալայզիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հետաքննություն անցկացնել սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունների առնչությամբ, ըստ որոնց Ֆորեսթ Սիթի շրջանի տեղական կրթական նախագծերից մեկում մասնակցում են Իսրայելի քաղաքացիներ, որոնք կարող էին երկիր մուտք գործել այլ պետությունների անձնագրերով:
Կառավարության ղեկավարը մեկնաբանել է երրորդ երկրների անձնագրերով Իսրայելի քաղաքացիների հնարավոր մուտքի մասին լուրերը: Նա նշել է, որ համապատասխան ուժային գերատեսչություններն արդեն ստուգում են այդ տեղեկությունները:
«Մենք հետաքննություն ենք անցկացնում։ Դա թույլ չենք տա։ Եթե նման անձինք կան, պետք է միջոցներ ձեռնարկվեն։ Եթե նրանք Իսրայելի քաղաքացիներ են, ապա, քանի որ մենք չենք ճանաչում Իսրայելը, նրանք անմիջապես կարտաքսվեն»,- Իբրահիմի խոսքերն է մեջբերում Astro Awani հեռուստաալիքը։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ուշ ավելի մանրամասն պարզաբանումներ իրավիճակի վերաբերյալ կներկայացնեն իրավասու նախարարությունները: Մալայզիան պատմականորեն դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում Իսրայելի հետ և հանդես է գալիս ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի իրավունքների:
Source: https://news.am/hy/news/1050206