ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է համագործակցության ոլորտների հստակեցման անհրաժեշտությունը, ինչը հիմք կծառայի սեպտեմբերին նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն կատարելիք «շատ արդյունավետ այցի» համար, հայտնում է «Reuters»-ը։

Նա հավելել է, որ թեև երկու կողմերն էլ ունեն տարաձայնություններ, սակայն իրենց խնդիրն է կարգավորել դրանք և թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

«Երկու կողմերն էլ ընդունում են, որ կան լուրջ տարաձայնություններ։ Մենք ստիպված ենք լինելու հաղթահարել դրանք, և կարծում եմ՝ այդ տարաձայնությունները կպահպանվեն մոտ ապագայում։ Մենք, անշուշտ, միշտ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը, և ակնկալում եմ, որ նրանք նույնպես նույնն են անելու․ բայց կարծում եմ, որ կան նաև հնարավոր համագործակցության ոլորտներ»,— հավելել է նա։

Ռուբիոն նշել է, որ Վան Իի հետ չի քննարկել ընտրություններին միջամտելու մեղադրանքները։

Նա ընդգծել է, որ քննարկվել են Թայվանին, Չինաստանի հետ առևտրին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ հավելելով, որ չնայած տարաձայնություններին՝ չափազանց կարևոր է, որ երկու երկրներն էլ կարողանան երկխոսություն վարել։

Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Պեկինի գործողությունները դիտարկում է որպես հակասող այն ռազմավարական կայունությանը, որին ձգտում են երկու կողմերը։

Մինչ այդ նա քննադատել էր Հարավչինական ծովում Պեկինի գործողությունները՝ նշելով, որ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները բախվում են «նոր ու ճնշող սպառնալիքների»։

Source: https://news.am/hy/news/1051265