Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը: Հայտնում են ՀԿԿ–ից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ անհատույց օտարելով 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այնուհետև, ապօրինի գործարքում իր մասնակցությունը թաքցնելու համար, հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի երկու բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ:
Բացի այդ, հիշյալ պաշտոնյան՝ որպես գույքի փաստացի տնօրինող, դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 1 մլն դրամով օտարել իր ազգականին և վարորդին:
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Source: https://news.am/hy/news/1050324