Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին չի ստորագրել «մերձավոր անձի կարգավիճակի» մասին օրինագիծը, որի համաձայն՝ երկրում կարող էին օրինականացվել նույնասեռականների միությունները։

«Այժմ անցնեմ այն օրենքներին, որոնք չեն ստացել իմ համաձայնությունը և որոնց համար ես պետք է դիմեմ նախագահի վետոյի իրավունքին։ Դրանք երկուսն են։ Մերձավոր անձի կարգավիճակի և համատեղ բնակության պայմանագրի մասին օրենքը, ինչպես նաև այն օրենքը, որը պարունակում է ներածական դրույթներ», - հայտնել է Նավրոցկին X-ում իր գրասենյակի էջում հրապարակված տեսաուղերձում։

«Այս օրինագծերը ստեղծում են ընտանեկան իրավունքում նոր ֆորմալացված ինստիտուտ՝ իրավունքների լայն շրջանակով, որոնք մոտ են ամուսինների իրավունքներին։ Բացվում է այլ անվանմամբ ամուսնության իրավական ճանապարհ՝ առանց պարտականությունների ամբողջական ցանկի, որոնք նախատեսվում են ամուսնության կնքմամբ», - ընդգծել է Նավրոցկին։ «Որպես սահմանադրության երաշխավոր՝ ես չեմ կարող հավանություն տալ այն որոշումներին, որոնք կհանգեցնեն ամուսնության հատուկ կարգավիճակի կորստին, որը սահմանադրության 18-րդ հոդվածում նկարագրված է որպես տղամարդու և կնոջ միություն և գտնվում է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության ու հոգածության ներքո», - հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1050330