Իսպանիայի իշխանությունները պարզել են Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքում տեղի ունեցած կործանարար անտառային հրդեհի հետևանքով զոհված 13 անձանց ինքնությունը։ Դա Անդալուզիայում բնական հրդեհների պատճառով տեղի ունեցած խոշորագույն ողբերգություններից մեկն է, հաղորդում է Euronews-ը։

Զոհերի թվում կա Իսպանիայի մեկ քաղաքացի և 12 օտարերկրացի՝ յոթ բրիտանացի, երեք բելգիացի, մեկ ֆրանսիացի և ԱՄՆ մեկ քաղաքացի։ Այժմ շարունակվում են հայտնաբերված ևս մեկ մարմնի նույնականացման աշխատանքները։

Հայտնաբերված աճյունների վիճակի պատճառով քննիչները կարողանում են նրանց ինքնությունը պարզել միայն գենետիկական փորձաքննության միջոցով։

Անդալուզիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար պատասխանատու Plan Infoca ծառայության ուժերով հաջողվել է տեղայնացնել հրդեհը, որն Ալմերիա նահանգի Լևանտե շրջանում ոչնչացրել է շուրջ 7 հազար հեկտար տարածք։ Սակայն, հրշեջների գնահատմամբ՝ կրակի ամբողջական մարումը կարող է տևել ևս մի քանի օր։ Այն բանից հետո, երբ կրակի տարածումը հաջողվել է կանգնեցնել, տարհանված բնակիչներն աստիճանաբար սկսել են վերադառնալ իրենց տներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։

Source: https://news.am/hy/news/1050056