Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, երդվյալ ատենակալների դատարանի առաջ կկանգնի ազդեցության չարաշահման և մսխման մեղադրանքներով: Առաջին տիկնոջ վրայից հանվել է կոռուպցիայի մեղադրանքը։ Դրա մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Մադրիդի դատարանը հանել է Գոմեսի դեմ ներկայացված երրորդ՝ բիզնեսում կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքը, և չեղարկել է ստորադաս ատյանի դատարանի որոշումը, որն արգելում էր նրան լքել երկիրը, պարտավորեցնում էր կանոնավոր կերպով ներկայանալ դատարան և հանձնել անձնագիրը։ Այնուամենայնիվ, դատարանը պահպանել է նրա դեմ հարուցված գործի հիմնական մասը, ինչը դարձել է ամենալուրջ իրավական փորձությունը, որին բախվել են Իսպանիայի վարչապետի ընտանիքն ու մերձավոր դաշնակիցները, ասվում է հաղորդագրության մեջ։

Դատարանի որոշումն ընդունվել է ի պատասխան Իսպանիայի առաջին տիկնոջ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքարկման։ Փաստաբանները խնդրել էին հանել Գոմեսի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և չեղարկել ստորադաս ատյանի դատարանի՝ նախկինում կայացված որոշումները։ Միջնորդությունը բավարարվել է միայն մասնակիորեն։

Source: https://news.am/hy/news/1050235