Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ պետությունները վերականգնել են Սիրիայի ձայնի իրավունքը՝ հղում անելով Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո «հանգամանքների էական փոփոխությանը», հաղորդում է Reuters-ը:

Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մի շարք իրավունքներից զրկվել էր 2021 թվականին այն բանից հետո, երբ հետաքննությունները հանգել էին այն եզրակացության, որ կառավարական ուժերը քաղաքացիական պատերազմի ժամանակ բազմիցս քիմիական զենք են կիրառել: Այն ժամանակ այդ որոշումը քաղաքական ազդակ էր առ այն, որ Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտումներն անթույլատրելի են:

ՔԶԱԿ-ից հայտնել են, որ Սիրիայի նոր իշխանությունները հանձն են առել կատարել կոնվենցիայի պահանջները և արդեն իսկ կոնկրետ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ:

Սիրիայի անցումային կառավարությունը խոստացել է նաև համագործակցել միջազգային հանրության հետ՝ նախորդ վարչակարգից ժառանգություն մնացած քիմիական զենքի մնացորդային պաշարները ոչնչացնելու համար: Մայիսին սիրիացի պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել էր, որ իշխանությունները հայտնաբերել են Բաշար Ասադի գաղտնի քիմիական ծրագրի մնացորդները, ներառյալ հումք և զինամթերք, որոնք նման են պատերազմի ժամանակ մահաբեր գազային հարձակումների ընթացքում օգտագործվածներին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի և ՔԶԱԿ հատուկ խմբի հետաքննությունները հանգել էին այն եզրակացության, որ Սիրիայի կառավարական ուժերը կիրառել են զարին նյարդապարալիտիկ գազ և քլոր, ինչի հետևանքով զոհվել և տուժել են հազարավոր մարդիկ: Ասադի ժամանակաշրջանի Սիրիայի իշխանությունները և Ռուսաստանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի հետևել Սիրիայի կողմից իր պարտավորությունների կատարմանը և վերահսկել քիմիական զենքի մնացած պաշարների ոչնչացման գործընթացը:

Source: https://news.am/hy/news/1048915