Նախօրեին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժած 4 քաղաքացիներից 2-ը Այգավան համայնքից են, ամուսիններ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգավանի համայնքապետ Արամ Շիրինյանը։
Նրա խոսքով՝ ամուսիններն ունեն 2 անչափաս երեխա, մեկը 6 ամսական, մյուսը՝ 7 տարեկան, նրանք սեփական խաղողի այգի էին գնում մշակման աշխատանքներ անելու համար։ Համայնքի ղեկավարի խոսքով ամուսիններն այժմ ծանր վիճակում գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։
Source: https://news.am/hy/news/1051867