Բաբ էլ-Մանդեբի նեղուցը որոշ չափով մեզ համար տրանստարածաշրջանային խնդիր է, և այդ շրջանում առկա խնդիրներն արմատավորված են Եմենի, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի երկրների միջև վաղեմի տարաձայնությունների ու խնդիրների մեջ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Մեր կարծիքով, այս հարցը պետք է լուծվի միասնական տարածաշրջանային համաձայնագրի շրջանակում և երկխոսության միջոցով։ Մենք կարծում ենք, որ Եմենի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի և տարածաշրջանային այլ խնդիրների ռազմական լուծում գոյություն չունի։
Այս հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ լինի դա Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսություն, Եմենի ներքին երկխոսություն, թե Եմենի և տարածաշրջանի այլ երկրների միջև փոխգործակցություն։
Եմենը շրջափակման մեջ է, և այն գործողությունները, որ ձեռնարկում են եմենցիները, իրենց իսկ վկայությամբ, ուղղված են Սաուդյան Արաբիայի կողմից պարտադրված այդ շրջափակումը ճեղքելուն։ Հետևաբար, Եմենի խնդիրների արմատը չի կարելի վերագրել Իրանին։
Մենք կարծում ենք, որ Իրանի նման երկրները և տարածաշրջանի մյուս երկրները կարող են աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ։ Մենք հայտարարել ենք կառուցողական դեր խաղալու մեր պատրաստակամության մասին, և մեր ընկերները Սաուդյան Արաբիայում նույնպես տեղյակ են այդ մասին։ Իրանը կարող է դրական և կառուցողական դեր խաղալ այս գործընթացում»,- նշել է Արաղչին։
Source: https://news.am/hy/news/1051762