Իրաքն ու Վիետնամը հաճախ են հիշատակվում որպես ԱՄՆ-ի վարած անժողովրդական պատերազմների դասական ժամանակակից օրինակներ:
Սակայն փաստերն ու տվյալները գնալով ավելի հստակ են ցույց տալիս, որ Իրանի դեմ պատերազմը դարձել է գրեթե նույնքան անընդունելի, որքան այդ հակամարտությունները․ ընդ որում՝ դա տեղի է ունեցել անհամեմատ ավելի սեղմ ժամկետում, հայտնում է CNN-ը:
Այնուամենայնիվ, նման արագընթաց դժգոհությունն ունի մի կարևոր վերապահում․ հենց ամերիկացիները, կարծես թե, այնքան էլ կենտրոնացած չեն այս թեմայի վրա:
Անցյալ շաբաթ հրապարակված Washington Post-Ipsos-ի հարցումը հերթական ուսումնասիրությունն էր, որը բավականին մռայլ պատմական համեմատություն ներկայացրեց այս ռազմական գործողության վերաբերյալ, որը նախագահ Դոնալդ Թրամփն իր որոշմամբ սկսեց փետրվարի վերջին:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 68%-ը կարծում է, թե Իրանի դեմ պատերազմը «չարժե վարել», մինչդեռ հակառակ կարծիքին է ընդամենը 28%-ը:
Դեմ արտահայտվածների այս 40 տոկոսային կետով բացասական տարբերությունն ավելի վատն է, քան Washington Post-ABC News-ի նախկին հարցումներով արձանագրված՝ Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմների ամենաբացասական ցուցանիշները:
Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ ամենավատ թվերը գրանցվել էին 2013 թվականին (սկսվելուց գրեթե 12 տարի անց)՝ ունենալով 67% ընդդեմ 28%-ի տարբերություն։
Ինչ վերաբերում է Իրաքի պատերազմին, ապա դժգոհության գագաթնակետին՝ 2007 թվականին, հարցվածների մոտ երկու երրորդը (66%) այն անվանել էր «անիմաստ»: Սակայն այն արդարացված համարողների մասնաբաժինն այն ժամանակ երբեք չէր իջել 33%-ից:
Այլ կերպ ասած՝ նույնիսկ Իրաքի պատերազմը չէր կորցրել աջակցությունն այնքան կտրուկ, որքան ընթացիկ հակամարտությունը:
Հարկ է նաև նշել, որ նախկինում ամերիկացիներից բավականին ժամանակ էր պահանջվում ռազմական գործողությունների անիմաստ լինելը հասկանալու համար: Աֆղանստանի դեպքում մեծամասնությանը անհրաժեշտ եղավ գրեթե 8 տարի, Իրաքում՝ մոտ 1 տարի, իսկ դժգոհների թիվը երկու երրորդի շեմին հասավ միայն 4 տարի անց:
Ապրիլի վերջին անցկացված Post-ABC-ի հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիներին երկու ամսից էլ պակաս ժամանակ պահանջվեց, որպեսզի քաղաքացիների 61%-ն Իրանի դեմ պատերազմն անվանի «սխալ»:
Թեև այս ցուցանիշը չսահմանեց նախկին պատերազմների բացարձակ ռեկորդներ, ԱՄՆ քաղաքացիները նման եզրահանգման եկան անհամեմատ ավելի արագ, քան Իրաքի կամ Վիետնամի պատերազմների ժամանակ:
Իրաքի պարագայում գրեթե 4 տարի պահանջվեց, որպեսզի նույնքան ամերիկացի սխալ համարեր պատերազմը (64%-ը դա նշել էր 2017 թվականի հունվարին):
Վիետնամում դրա համար պահանջվեց ավելի քան 6 տարի․ 61%-ի շեմին այս ցուցանիշը հասավ միայն 1971 թվականի մայիսին:
Թրամփն Իրանի դեմ պատերազմը ներկայացնում է որպես ԱՄՆ ուժի ցուցադրություն, սակայն հենց ամերիկացիներն այդպես չեն կարծում:
Քվինիփեքի համալսարանի՝ անցյալ ամիս անցկացրած հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 45%-ը (ընդդեմ 33%-ի) նշել է, որ այս պատերազմը Միացյալ Նահանգներին միջազգային ասպարեզում ավելի շուտ թուլացրել է, քան ուժեղացրել:
Սա դարձյալ բավականին նման է Իրաքի պատերազմի ընկալմանը․ դրա մեկնարկից երկու տարի անց Post-ABC-ի հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 41%-ը (ընդդեմ 28%-ի) կարծում էր, թե Իրաքի արշավը թուլացրել է ԱՄՆ դիրքերը: (2005 թվականից հետո սոցիոլոգները վերափոխեցին հարցերը, երբ իրաքյան արշավն էլ ավելի անժողովրդական դարձավ):
Առանձին կերպով հարկ է նշել նաև պատերազմի աջակցության կամ մերժման ուղղակի մակարդակի մասին:
The New York Times-ի վերլուծությունը, որն անցկացվել էր հակամարտության առաջին օրերին, ցույց տվեց, որ Իրանին հարվածելու սկզբնական աջակցության 41% մակարդակը (ըստ CNN-ի հարցման) ամենացածրն էր ԱՄՆ-ի միջազգային ռազմական գործողությունների մեկնարկային փուլերի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: (Վիետնամի պատերազմի սկզբի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չեն պահպանվել, սակայն այդ ժամանակվա անուղղակի հարցումները ցույց էին տալիս, որ այն ի սկզբանե անժողովրդական չէր):
Ուսումնասիրելով ինչպես խոշոր պատերազմների, այնպես էլ թիրախային հարվածների (ներառյալ 2020-ին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության) վերաբերյալ տվյալները՝ Gallup ինստիտուտը պարզել է, որ բացառիկ դեպքերում է ԱՄՆ-ի ռազմական գործողությունը մեկնարկին 50%-ից ցածր աջակցություն ստանում:
Ավելի քան 10 օրինակների շարքում միակ բացառությունը եղել են 2011 թվականին Լիբիային հասցված Օբամայի վարչակազմի հարվածները (47%), սակայն Իրանի վերաբերյալ հարցումների արդյունքներն է՛լ ավելի ցածր են եղել:
Ըստ Gallup-ի տվյալների՝ թեև որոշ ռազմական գործողությունների աջակցությունը կտրուկ ընկել է որոշ ժամանակ անց (օրինակ՝ Լիբիա՝ 39%, Հայիթի 1994 թ․՝ 36%), որևէ հակամարտություն չի կորցրել հանրային աջակցությունն այսքան արագ ու այսքան մեծ ծավալով․ իրանական պատերազմի հանդեպ աջակցությունը սկսվելուց ընդամենը 3 ամիս անց իջել է 34%-ի:
Բավականին համոզիչ փաստարկներ կան առ այն, որ Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի վարած ամենաանժողովրդական ժամանակակից պատերազմներից մեկն է, որն այդպիսին է դարձել անհամեմատ ավելի արագ, քան մյուսները:
Այնուամենայնիվ, սույն անժողովրդականության և նախկին պատերազմների մերժման միջև էական տարբերություն կա․ այն է՝ թե որքանով է դա իրականում մտահոգում հանրությանը:
1967 թվականի Gallup-ի հարցումները ցույց էին տալիս, որ ամերիկացիների մինչև 55%-ը Վիետնամի պատերազմն անվանում էր երկրի առջև ծառացած «ամենակարևոր խնդիրը»: 2007 թվականին՝ Իրաքի պատերազմի ժամանակ, այս ցուցանիշը հասնում էր 36%-ի:
Մինչդեռ Իրանի դեմ պատերազմի կարևորության աստիճանը նույնիսկ համեմատելի չէ այդ թվերի հետ: Հարցումների մեծ մասում այն մարդկանց տոկոսը, ովքեր այս պատերազմը (կամ ընդհանրապես արտաքին հակամարտությունները) համարում են ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը, չի անցնում միանիշ թվերի սահմանը (10%-ից ցածր):
Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ պատերազմում դեռևս ներգրավված չեն ԱՄՆ ցամաքային զորքերը, և այն չի հանգեցրել ամերիկացի զինծառայողների զանգվածային զոհերի այնպես, ինչպես նախորդ պատերազմներում (թեև վերջին օրերին հաղորդվել է երկար ամիսների ընթացքում առաջին զոհերի մասին):
Թրամփի վրա, ամենայն հավանականությամբ, չկա այնպիսի ուժեղ ճնշում, որը կստիպեր փոխել քաղաքական կուրսը, և այս թեման կարող է որոշիչ գործոն չդառնալ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:
Միևնույն ժամանակ, ամերիկացիներին չափազանց մտահոգում է տնտեսության վիճակը, իսկ Իրանի պատերազմը խորացնում է այդ խնդիրը՝ բենզինի թանկացման պատճառով: Այսպիսով, նույնիսկ եթե բուն պատերազմն ուղղակիորեն չազդի նոյեմբերյան քվեարկության վրա, այն կարող է անուղղակիորեն հարվածել Թրամփի ամենախոցելի տեղին՝ տնտեսությանը (թեև այդ խնդիրն առաջացել էր դեռևս ռազմական գործողությունների մեկնարկից առաջ):
Եվ առայժմ գրեթե ոչ մի նշան չկա, որ այս հակամարտությունը մոտ ապագայում հանգուցալուծվելու է:
Source: https://news.am/hy/news/1050808