ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կապալառու է փնտրում պետական ավիախմբի կառավարման համար, որն օգտագործվելու է արտաքսումների, միգրանտների կամավոր վերադարձի, բժշկական տարհանման և ճգնաժամային առաքելությունների համար։

Bloomberg-ի տվյալներով՝ ավիապարկը պետք է ներառի յոթ Boeing 737-700 կամ համանման օդանավ, ինչպես նաև երկու հեռագնա Gulfstream G650ER/C-37B ինքնաթիռ։

Այժմ Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հիմնականում օգտվում է մասնավոր ընկերությունների չարթերային ինքնաթիռներից։ Սակայն, ինչպես բխում է գնումների փաստաթղթերից, Վաշինգտոնը ցանկանում է, որ նոր կառույցը կարողանա աշխատել շուրջօրյա և չվերթներ իրականացնի ինչպես ԱՄՆ տարածքում, այնպես էլ արտերկրում, հայտնում է Bild-ը։ Կապալառուն ստիպված կլինի ապահովել անձնակազմը, տեխնիկական աջակցությունը, բուժանձնակազմը և ինքնաթիռների սպասարկումը։

Ավելի վաղ Ներքին անվտանգության նախարարությունից հայտարարել են, որ սեփական ավիապարկը թույլ կտա ավելի արագ իրականացնել արտաքսումները և պետական բյուջեից տարեկան կխնայի մինչև 279 միլիոն դոլար։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ իշխանությունները դիտարկում են նաև մեկ բազայով կամ խոշոր ավիաընկերությունների մոդելով օդանավակայանների ցանցով աշխատելու տարբերակը։

Source: https://news.am/hy/news/1050854