Տասնամյակներ ի վեր գիտնականներին հայտնի է եղել, որ Երկրի մագնիսական դաշտն օգնում է չվող թռչուններին և փոստային աղավնիներին կողմնորոշվել տարածության մեջ։ Սակայն մինչ օրս անհայտ է մնում, թե հատկապես ինչպես են թռչուններն ընկալում մեր մոլորակը շրջապատող այդ անտեսանելի դաշտը։
Այժմ հետազոտողները պնդում են, որ հանելուկի պատասխանի առնվազն մի մասը թաքնված է ընդամենը մեկ օրգանում։ Նոր հետազոտության համաձայն՝ աղավնիների լյարդում գտնվող իմունային բջիջները զգայուն են Երկրի մագնիսական դաշտի նկատմամբ և գործում են որպես ներքին կողմնացույց։
Ինչպես գրում է Ֆոկուսը, հետազոտության համահեղինակ, Բոննի համալսարանի իմունաբանության ոլորտի գիտաշխատող Կլիվիա Լիսովսկին պարզաբանել է, որ մակրոֆագերը քայքայում են ծերացած էրիթրոցիտները, ինչի հետևանքով դրանցում երկաթ է կուտակվում։ Երկաթն այս բջիջներին օժտում է սուպերպարամագնիսական հատկությամբ (մագնիսականության տեսակ, որը բնորոշ է որոշակի նանոմասնիկների)։ Արդյունքում, մագնիսական դաշտի ազդեցության տակ այդ նանոմասնիկները կարող են մագնիսանալ։ Աղավնիների թռիչքի ընթացքում նանոմասնիկները ուղղորդվում են Երկրի մագնիսական դաշտին համահունչ, ինչն էլ թռչուններին հնարավորություն է տալիս զգալ մոլորակի մագնիսականությունը։
Այս նոր հետազոտության շրջանակում Լիսովսկին և իր գործընկերները պարզել են աղավնիների մարմնում մագնիսական բջիջների ճշգրիտ տեղակայումը։ Քանի որ լյարդն ու փայծաղը երկաթի զգալի պաշարներ են կուտակում, հետազոտողները ենթադրել են, որ հենց այս օրգանները կարող են պատասխանատու լինել այդ գործընթացի համար։ Գերմանիայի Դույսբուրգ-Էսսենի համալսարանի նանոգիտության մասնագետ և աշխատանքի համահեղինակ Ուլֆ Վիդվալդի խոսքով՝ թռչունների լյարդը ցուցաբերել է անհամեմատ ավելի ուժեղ մագնիսական արձագանք, քան ուսումնասիրված ցանկացած այլ հյուսվածք։
Այնուհետև թիմը կենտրոնացել է մակրոֆագերի վրա և փորձարկել այդ բջիջները։ Արդյունքները ցույց են տվել, որ այն աղավնիները, որոնց մակրոֆագերը հեռացվել են, ամպամած եղանակին մոլորվում են։ Սակայն, երբ արևը ծագել է, նրանք կարողացել են հասնել թռչնանոց՝ հավանաբար կողմնորոշվելով արևի ազդանշաններով։ Այսպիսով, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են թռչունները կողմնորոշման համար կիրառում ինչպես մագնիսական ընկալումը, այնպես էլ արևի դիրքը։
Լիսովսկիի խոսքով՝ այս նոր հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես իմունաբանության, այնպես էլ կենդանիների նավիգացիայի ու մագնիսաընկալման ուսումնասիրությունների համար։ Հեղինակները նաև կարծում են, որ այս ֆերիմագնիսական մեխանիզմը կարող է բացատրել, թե ինչպես են գիշերը չվող թռչունները, շնաձկները, չղջիկները կամ մթության մեջ տեղաշարժվող այլ կենդանիներ ընկալում Երկրի մագնիսական դաշտը։
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ երկաթով հարուստ մակրոֆագերը տեղակայված են նյարդաթելերին արտակարգ մոտ։ Սա հուշում է, որ մագնիսական տեղեկատվությունը կարող է ուղեղին փոխանցվել հենց այս ուղիով։ Հետազոտության արդյունքները փաստում են նաև, որ տարբեր գործառույթներ իրականացնելու համար (օրինակ՝ օրգանիզմն ախտածիններից պաշտպանելն ու վերքերը բուժելը) իմունային համակարգին անհրաժեշտ է ընկալել շրջակա միջավայրը։ Պարզ ասած՝ ամեն ինչ մատնանշում է այն, որ իմունային համակարգը նույնպես կարող է ընկալել մեր մոլորակի մագնիսական դաշտը։
Source: https://news.am/hy/news/1051175