Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) մեկ շաբաթվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարվածել են ռուսական խոշորագույն Wildberries մարկետփլեյսի ամբողջ լոգիստիկ ենթակառուցվածքի մոտ 10%-ին և շարքից հանել ընկերության պահեստների 8%-ը։ Այս մասին բաց տվյալների հիման վրա հաշվարկել է «Կոմերսանտ»-ը։ Հարվածների տակ են հայտնվել Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի (250 հազար քմ), Տամբովի մարզի Կոտովսկի (108 հազար քմ), Կրասնոդարի (100 հազար քմ) և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի (94 հազար քմ) համալիրները։

Wildberries-ի ներկայացուցիչը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ բոլոր չորս օբյեկտներն էլ կարող են ամբողջական վերականգնման կարիք ունենալ։ Անշարժ գույքի շուկայում թերթի աղբյուրը նույն ծավալի պահեստների կառուցումը (առանց սարքավորումների հաշվարկի) գնահատել է 35,5 միլիարդ ռուբլի։ Միևնույն ժամանակ, Invest7-ի պահեստային դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Պերֆիլևը հավելել է, որ ամենաարագ լուծումը կարող է լինել վնասված կենտրոնների վերականգնումը, այլ ոչ թե զրոյից նմանատիպ օբյեկտների կառուցումը։

Լոգիստիկ հզորությունների 8%-ով կրճատումը զգալի կորուստ է բիզնեսի համար, նույնիսկ եթե խոսքը թողունակության ժամանակավոր նվազման մասին է, ասում է Umbrella Consulting Group-ի կառավարող գործընկեր Կիրիլ Ագապովը։ Նրա խոսքով՝ սա կազդի առաքման ժամկետների, ապրանքային պաշարների տեղաբաշխման ճշգրտության և ամբողջ երթուղային ցանցի կայունության վրա։

Էլեկտրոնային առևտրի ներկայացուցիչների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Մոսկալենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տուժել են Wildberries-ի համար առանցքային նշանակություն ունեցող օբյեկտները։ Մասնավորապես, երկրի հարավի մատակարարման հիմնական հանգույց հանդիսացող Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնը։ Դրա, ինչպես նաև Նևիննոմիսկի պահեստի շարքից դուրս գալը պահանջարկի պիկի շրջանում մեկուսացնում է մի ամբողջ առանցքային մակրոտարածաշրջան, պարզաբանել է Մարկետփլեյսների և ձեռնարկատիրության զարգացման միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մոլոդիխը։

Ըստ նրա՝ լուրջ խնդիր է նաև Մերձմոսկվայի կենտրոնի կորուստը, քանի որ հենց դրա միջով են անցնում ամբողջ երկրի ներմուծվող ապրանքների հոսքերն ու մայրուղային բեռները։

Այս իրավիճակում Wildberries-ը կարող է արագացնել Պովոլժիեի, Ուրալի և Սիբիրի ավելի հեռավոր պահեստներում բեռնահոսքերի վերաբաշխումը, կարծում է Մոլոդիխը։ Բացի այդ, ըստ նրա, ընկերությունը կարող է սկսել արտաքին լոգիստիկ օպերատորների ներգրավել և պատվերների ընդունում գործարկել գործընկերների հանձնման կետերի ցանցի միջոցով։

Source: https://news.am/hy/news/1051307