Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում, հուլիսի 19–ին պաշտոնապես բացվեց Nike խանութ-սրահը, որն ամենամեծն է ԱՊՀ ամբողջ տարածքում։ Իր տեսակով ու չաձսերով աննախադեպ խանութ–սրահի բացմանը ներկա էին Հայաստանում Nike–ի ներկայացուցիչը, բազմաթիվ հյուրեր, մարզիկներ, բրենդի երկրպագուներ, ինֆլյուենսերներ, մարզական բլոգերներ ԱՊՀ տարբեր երկրներից։

Ֆլագմանային խանութ-սրահի բացումը սոսկ նոր առևտրային տարածքի գործարկում չէ, այլ պատմական իրադարձություն բրենդի հայաստանյան գործունեության ընթացքում։ Նորաբաց սրահի երեք հարկերում ներկայացված են աշխարհահռչակ բրենդի հայտնի ու սիրված բոլոր ուղղությունները։ Սա Հայաստանում առաջին խանութն է, որը համապատասխանում է նորարարական Nike Rise հայեցակարգին։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հայաստանում Nike ընկերության ներկայացուցիչ Արման Թաթարյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց հայաստանյան թիմին և գործընկերներին՝ փայլուն արդյունքի համար։ «Առաջին բառը, որ գալիս է մտքիս, երախտագիտությունն է։ Շնորհավորում եմ այս հոյակապ խանութի կապակցությամբ։ Այստեղ ներկայացված է հինգ կատեգորիա՝ վազք, սպորտային հագուստ, մանկական տեսականի, ֆուտբոլ, բասկետբոլ և Jordan։ Կարծում եմ, որ մեր սպառողը Հայաստանում այժմ հնարավորություն կունենա իսկապես ոգևորվելու և գտնելու այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է։ Այժմ մենք կերտում ենք սպորտի և Nike-ի ապագան Հայաստանում»,– հայտարարեց Արման Թաթարյանը։

Այս նոր միջավայրը նպատակ ունի դառնալու Երևանի ակտիվ կենսակերպի և սպորտի սիրահարների միավորման կենտրոն, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ մարզիկների հետ, նոր հավաքածուների ցուցադրումներ։ Նպաստելու են Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այդ ուղղությամբ գործուն քայլեր արդեն իսկ կատարվել են, ստեղծվել է Nike Run Club–ը։

«Մենք ուրախ ենք հենց այս փողոցում ներկայացնել բրենդն իր ամբողջ բազմազանությամբ՝ ըստ ապրանքի, ըստ ոճի և ըստ մարքեթինգի։ Երևանի սրտում նման խանութ սրահի բացումը ոչ միայն բիզնեսի կամ մանրածախ առևտրի մասին է, այլ նպատակ ունի նպաստել սպորտային համայնքի զարգացմանը։ Nike-ը նախևառաջ սպորտային ընկերություն է։ Այն ստեղծվել է որպես վազքի բրենդ, թեև ունենք նաև հիանալի բասկետբոլային և lifestyle հավաքածուներ։ Մեր պատմության հիմքում սպորտն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել սպորտային համայնքը և այն դարձնել ավելի ուժեղ։ Այդ նպատակով մենք ստեղծել ենք Nike-ի վազքի ակումբը, որտեղ շաբաթական երեք անգամ անցկացվում են անվճար մարզումներ բոլոր ցանկացողների համար։ Մենք ուզում ենք, որ Երևանը վազի, դառնա ավելի ուժեղ, ավելի արագ և ավելի հետաքրքիր։ Կարծում եմ՝ այս խանութն այստեղ նույնպես կարևոր դեր ունի։ Այն պարզապես վաճառքի կետ չէ, այլ մարդկանց ոգեշնչելու վայր։ Այդ պատճառով մենք գործարկեցինք Nike Run Club-ը, որտեղ շաբաթական երեք անգամ մարզումներ ենք անցկացնում՝ բացարձակապես անվճար բոլոր ցանկացողների համար։ Մենք ուզում ենք, որ Երևանը վազի, դառնա ավելի ուժեղ, ավելի արագ և ավելի ուրախ»մ– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Nike Armenia-ի տնօրեն Նորայր Դավթյանը։

Այսպիսի մասշտաբային նախագծի իրականացումը հնարավոր է դարձել տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ։ Ցանցի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր ներդրողներին, գործընկերներին ու աշխատակիցներին։ Նրա խոսքով՝ հսկայական աշխատանք է կատարվել պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետների կողմից։ Նրանք ամուր հիմք են ստեղծել, որի վրա կարող են շարունակել զարգանալ և առաջ շարժվել։

«Ես Բելառուսից հատուկ եկել եմ Nike-ի բացմանը մասնակցելու համար, որովհետև Երևանում բացվեց ԱՊՀ-ում ամենամեծ Nike-ը։ Սա չէր կարելի բաց թողնել։ Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող այս բրենդային խանութը։ Ես հիացած եմ խանութի մասշտաբից ու տեսականուց»,– նշեց Բելառուսից ժամանած մարզական բլոգեր Սերգեյ Ջհանգիրյանը, ում հետևորդների թիվը ինստագրամում անցնում է մեկ միլիոնը։ Իսկ Մոսկվայից ժամանած բլոգեր Ալիսա Թավադյանն ասաց, որ դժվար է անտարբեր անցնել նման մեծ տեսականու կողքով․ «Այստեղ ներկայացված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է սպորտի ու մարզական ոճի սիրահարներին: Սա հսկայական ձեռքբերում է: Այստեղ բացվել է մի խանութ–սրահ, որը համատեղում է հարմարավետությունը, ժամանակակից ոճն ու բարձր որակը»։

Nike խանութ–սրահի բացմանը ներկա էր նաև Հայաստանի վազքի չեմպիոն Երվանդ Մկրտչյանը։ NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ բարձրորակ, հարմարավետ հագուստն ու սպորտային կոշիկները, ինչպիսին Nike արտադրանքն է, մարզիկի հաջողության հասնելու գրավականներից են։ «Որպես մարզիկ՝ ինձ համար չափազանց կարևոր է որակյալ հանդերձանքը։ Ուրախ եմ, որ այսուհետև մեր քաղաքում կունենանք այսպիսի մեծ ընտրությամբ ու հնարավորություններով ֆլագմանային խանութ–սրահ, որը կմիավորի բոլոր մարզասերներին ու Nike բրենդի սիրահարներին»,– ասաց չեմպիոնը։

Հյուսիսային պողոտայի Nike ֆլագմանային խանութ-սրահն արդեն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են դեպի նոր սպորտային բարձունքներ, գնահատում են բարձր որակն ու ցանկանում են լինել ակտիվ և առողջ համայնքի մի մասնիկը:

Source: https://news.am/hy/news/1051397